Ֆեյսբուք 

Այսօր տարվա ամենապայծառ օրն է, այսօր մարդկության ապագայի օրն է

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Թվում է՝ խիստ «քաղաքակիրթ» և գերզարգացած ժամանակակից աշխարհում երեխայի դաստիարակությունը, կրթումն, առավել ևս պաշտպանությունն այնքան էլ բարդ կամ հրատապ գործ չէ, բայց արի ու տես, որ խնդիրն այնքան էլ դյուրին չէ, որքան, գոնե առերևույթ, թվում է: Իր խորքում կայունության ու խաղաղության այնքան կարոտ մերօրյա աշխարհում այսօր շարունակում են ծխալ 42 ներքին և միջազգային զինված հակամարտություններ, որոնց միայն 2014 թ. զոհ է գնացել շուրջ 180 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր երեխաներ, շարունակվում է խեղվել հարյուր հազարավոր մանուկների մանկությունը, ում համար անհրաժեշտ այնքան պարզ ու հասարակ պարագաների, զբաղմունքների առաջնայնությունից շատ այն կողմ, գերխնդիր է գոյության կռիվը, կյանքի համար նվազագույն պայմանների ապահովումը, շատ հաճախ նաև՝ սեփական ուժերով...

 

Եվ մի՞թե մեր մոլորակի տարբեր հատվածներում անգամ զենքի միջոցով իր հանապազօրյա հացի համար պայքարող այսօրվա ապագա սերունդն անկանխատեսելի սպառնալիքների «քնած հրաբուխ» չէ համայն մարդկության համար՝ նման ճակատագրի արժանացնելու հեռանկարով արդեն իր ժամանակների երեխաներին, անգամ այն երեխաներին, ովքեր ծնվել են համեմատաբար «քաղաքակիրթ» միջավայրում... 

 

Բարդագույն և մշտապես լուծման աղերսներ պարունակող խնդիր բոլոր ժամանակների «քաղաքակիրթ մարդկության» համար…



Իսկ, առհասարակ, երեխան յուրաքանչյուր մարդու՝ անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, մասնագիտական ուղղվածությունից, կարևորագույն ստեղծագործությունն է, Ստեղծագործություն, որը մշտական ուշադրություն և քրտնաջան աշխատանք է պահանջում, մինչ որոշակի կայացում և ինքնադրսևորում՝ և հատկապես մերօրյա գերզարգացած աշխարհում… 

 

Մարդիկ, եթե ոչ չխնայել, ապա գոնե ժամանակ գտեք ձեր երեխաների համար, նրանց դաստիարակության համար, քանի որ այսօրվա ձեր գործադրած ջանքերով է պայմանավորված ձեր կարևորգույն Ստեղծագործության գալիքի պիտանելիությունն ու հաջողությունը նախ իր իսկ ընտաքիքի՝ ապա և շրջապատի ու պետության համար… 

 

Եվ թեպետ գրառումս ամենևին էլ համապատասխան չէ նման պայծառ ու զվարթ օրվա ոգուն ու բովանդակությանն, ավելին՝ ուղղված չէ օրվա հերոսներին, այլ՝ բացառապես՝ նրանց Հեղինակներին, այնուամենայնիվ, սիրելի մեծեր, գոնե այսօր ապահովեք ձեր շրջապատում եղած բոլոր մանուկների անվտանգ, երջանիկ ու անմոռաց օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը…

Նույն շարքից