Ֆեյսբուք 

Երբ բարեփոխումը վերածվում է չարափոխման

Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հաճախականությունը և անմեղ զոհերի թիվը խորը մտահոգության և մտորումների տեղիք են տալիս: Ճիշտ է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունն ու առավել ակտիվացնել գազալցականների հետ տարվող աշխատանքը, սակայն, ամենայն հավանականությամբ, խնդիրը կապված է ոչ միայն գազալցակայանների հետ:

 

Կառավարության հետևողական վերահսկողության արդյունքում գազալցակայաններում կարգ ու կանոն հնարավոր է հաստատել: Մտահոգիչ են մնում հանրապետության ավտոճանապարհներին երթևեկող հարյուր հազարավոր ավտոմեքենաները, որոնց զգալի մասը կահավորված են կասկածելի որակի գազաբալոններով:



Արդյունքում փոքր թիվ չեն կազմում նաև հենց այդ անորակ գազաբալոնների պատճառով տեղի ունեցող պայթյուններն ու հրդեհները, ինչի հետևանքով զոհվում են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ուղևորներ: Գազով աշխատող ավտոմեքենաների մեջ մեծ թիվ են կազմում հասարակական տրանսպորտը, երթուղային և սովորական տաքսիները, նույնիսկ մի քանի տասնյակ ուղևորներ տեղափոխող ավտոբուսները: 
Վերահսկողությունն այս ոլորտում ոչ միայն դժվար է, այլև նախորդ կառավարության՝ մեր կարծիքով անխոհեմ որոշումների պատճառով լուրջ պրոբլեմներ են առաջացրել:



Ավտոմեքենաների տեխնիկական զննումն, օրինակ, վերածվել է ձևական մի արարողության, որտեղ կարևորը ոչ թե ավտոմեքենայի տեխնիկական վիճակն է, այլ նախատեսված վճարը մուծելն ու կտրոնը ունենալը: 

 

Ավտոմեքենայի սարքին լինելը թողնված է վարորդի խղճին, իսկ այն շատ վարորդների՝ հատկապես ուղևոր փոխադրողների մոտ, առաջնորդվում է առավելապես սեփական գրպանի շահով:



Ներկա կառավարությունը, կարծում ենք, գազալցակայաններում կարգ ու կանոն հաստատելու իր ջանքերին զուգահեռ, ստիպված կլինի շտկել նաև նախորդի սխալները, մասնավորապես ավտոմեքենաների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, այդ թվում՝ հատկապես գազաբալոնների անվտանգության խնդիրը, ձևականից տեղափոխելով իրական և վերահսկելի դաշտ:



Հ.Գ. Կառավարությունը խոսք է տվել, որ գազալցակայանները կարգի բերելուց հետո անցնելու են ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոններին:

Նույն շարքից