Բիզնես 

Հայաստանը դիրքերը բարելավել է բիզնեսի վարման լավագույն երկրների վարկանիշային ցանկում

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների 9-րդ ամենամյա վարկանիշային ցուցակը, որում Հայաստանն իր դիրքերը բարելավել է և 146 երկրներից 56-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա 64-րդի համեմատ:
 

Հարկային բեռի չափանիշով ցանկում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը, նորարարությունների ներդրման չափանիշով՝ 103-րդ տեղը, դրամավարկային չափանիշով՝ 63-րդ տեղը, տնտեսության մեջ պետության միջամտության չափանիշով՝ 4-րդ տեղը:

2014 թվականին ցանկը գլխավորել է Դանիան, թոփ 3-ի մեջ են հայտնվել Հոնկոնգը և Նոր Զելանդիան: Անցած տարվա առաջատար Իռլանդիան այս տարի հայտնվել է 4-րդ տեղում:

Forbes-ի կազմած վարկանիշային ցուցակում Վրաստանը զբաղեցրել է 47-րդ տեղը, Թուրքիան 50-րդ տեղը, Ադրբեջանը 60-րդ տեղը, իսկ Իրանը՝ 132-րդ տեղը:

Ռուսաստանը պահպանել է 91-րդ տեղը, ԱՄՆ-ն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը, Ճապոնիան՝ 26-րդ, Չինաստանը՝ 97-րդ, Գերմանիան՝ 20-րդ, Ֆրանսիան՝ 27-րդ տեղը:

Forbes-ը վարկանիշային ցանկը կազմելիս վերլուծել է 146 երկրներ 11 տարբեր գործոններով՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, նորարարություն, հարկերի գանձում, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակ, տնտեսության մեջ պետության միջամտության մակարդակ, ներդրումների պաշտպանություն և ֆոնդային շուկայի վիճակ:

Տվյալները վերցվել են Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Freedom House-ի, Heritage Foundation-ի, Property Rights Alliance-ի, Transparency International-ի հետազոտությունների արդյունքներից:

Նույն շարքից