ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը մամուլի ասուլիսին ամփոփեց 2014 թվականի արդյունքներն անասնաբուծության ու ձկնաբուծության ոլորտներում:
Նա նշեց, որ այս տարի Գյուղատնտեսության նախարարությունը անասնապահության ոլորտում իրականացրեց նոր քաղաքականություն, աշխատանքներ են տարվել խոզաբուծության առումով, նոր ֆերմաներ են ստեղծվել, ներմուծվել են խոզամայրեր:
«Աշխատանքներ են կատարվել նաև ոչխարաբուծությունը զարգացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ կան նաև խնդիրներ: Բացի գլխաքանակի ավելացումից պաշտոնյան կարևոր համարեց հիվանդությունների դեմ պայքարը, ինչի համար նախարարությունը ևս աշխատանքներ է իրականացնում:
Գրիշա Բախշյանը կարևորեց սպանդանոցային մորթը և հայտնեց, որ հունվարի մեկից հինգ սպանդանոցներ են գործելու, և սպանդանոցներ ստեղծելու ծրագիրը շարունակվելու է:
Նա նշեց, որ մասնավորապես ոչխարի մսի առումով արտադրության ծավալների աճը թույլ է տվել, որ մեր հանրապետությունը լինի ոչ միայն ինքնաբավ, այլ նույնիսկ արտահանում կազմակերպել:
«Տավարի և խոզի մսի ինքնաբավությունը թեև բարձր տոկոս է կազմում, սակայն ինքնաբավ չենք»,-ասաց նա հույս հայտնեց, որ առաջիկայում այդ առումով էլ հնարավոր է լինենք ինքնաբավ:
Ինչ վերաբերում է գների աճին, ապա փոխնախարարը նշեց, որ կենդանական ծագման մթերքի ավելացումը նպաստում է գների աճի զսպմանը: «Գների աճը պայմանավորված է շուկայական հարաբերություններով»,-ասաց նա նկատեց, որ բոլոր տեսակի մթերքների գների աճ լինում է հիմնականում Նոր տարվա շեմին, ինչը պայմանավորված է առևտրի աշխուժացմամբ:
«Այս օրերին ստեղծված իրավիճակն այլ է, կապված է դրամ-դոլար հարաբերությունների հետ»,-ասաց նա և նշեց, որ վերջին օրերին 100-150 դրամով խոզի մսի գինն իջել է: