Հիշում եմ և պահանջում 

Ինչպես էր Թեհլերյանի պատմությունը ոգևորել հրեա վրիժառուին սպանել Պետլյուրային

1926 թվականին հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը որոշել էր վրեժխնդիր լինել ուկրաինացի ազգայնականների առաջնորդ Սիմոն Պետլյուրայից արյունալի ջարդերի համար: Հակասեմիտի սպանությանը Շվարցբարդին ոգևորել էր երիտասարդ հայի արարքը, որը դրանից մի քանի տարի առաջ Բեռլինում հաշվեհարդար էր եղել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկի հետ: Անցյալ շաբաթ աշխարհը հիշատակում էր այդ սարսափելի ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 


Սողոմոն Թեհլերյանը շատ ինքնամփոփ մարդ էր՝ միշտ տխուր: Այդ մասին քննության արդյունքում հաղորդել էր 24-ամյա երիտասարդի նախկին տանտիրուհին: Երիտասարդը Բեռլին էր եկել նախորդ դարի 20-ականների սկզբին իբր սովորելու նպատակով: Իր ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում իր սենյակում մթության մեջ նստելով և մանդոլինա նվագելով:

 


Տանտիրուհին տեղեկացել էր, որ երիտասարդի ողջ ընտանիքը մահացել էր 1915-ին հայկական կոտորածների ժամանակ, իսկ տղան հրաշքով էր փրկվել: Կինն ավելորդ հարցեր չէր տալիս: Նրան զարմացրել էր, որ 1921 թվականի մարտի սկզբին Թեհլերյանը տեղեկացրել էր, որ ապրելու է մեկ այլ բնակարանում, որը գտնվում էր հեղինակավոր Շառլոթենբերգ թաղամասում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ: Իր տեղափոխությունն ուսանողը բացատրել էր նրանով, որ բժիշկը խորհուրդ էր տվել ապրել արևոտ վայրում: Սակայն տեղափոխման իրական պատճառն այլ էր. երիտասարդի ապագա բնակարանի հարևանությամբ պետք է ապրեր Ալի Սալիհ անունով մի մարդ, ում Սողոմոնը պետք է սպաներ:

 


Ալի Սալիհ կեղծանվամբ թաքնվում էր 1913-1917 թվականներին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Մուհամեդ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը:

 


1921 թվականի մարտի 15-ի առավոտյան Սողոմոնը պատուհանից դուրս էր նայել և տեսել էր Թալեաթ փաշային իր պատշգամբում: Ավելի ուշ դատարանում Սողոմոնն ասել էր, որ ճանաչել է այդ մարդուն թերթում տեսած լուսանկարից: «Ես հասկացա, որ դա Թալեաթ փաշան էր՝ մարդ, ում խղճի վրա է իմ ծնողների, եղբայրների ու քույրերի արյունը», – ասել էր Թեհլերյանը: Նա դուրս եկավ տնից, հանելով գրպանից ատրճանակը, մահացու հարված հասցրեց նախկին օսմանյան իշխանին: Փողոցում անմիջապես ամբոխ էր հավաքվել, Սողոմոնին ձերբակալում և ոստիկանություն են տանում: Ականատասների վկայությամբ՝ Սողոմոնը գոռում էր. «Ես հայ եմ, իսկ այդ մարդը՝ թուրք: Գերմանիան կապ չունի այս ամենի հետ»: Հետագայում Թեհլերյանը հիշում էր, որ արդեն ոստիկանության բաժանմունքում գտնվելիս ուներ բարոյական բավարարվածության զգացում՝ իմանալով, որ իր գնդակը ճակատագրական էր:

 


Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն առաջիններից էր, որ բարձրաձայնել էր կայսրության ներսում տեղի ունեցող կոտորածների մասին: 1919 թվականին նա գլխավորել էր ամերիկյան պատվիրակությունը, որն ուղղված էր Լեհաստանում, Ռուսաստանում և նրա հարակից շրջաններում հրեական ջարդերի ուսումնասիրմանը:

 


Ուկրաինայի հրեա բնակչությունը Քաղաքացիական պատերազմի ընթացքում զգալի չափով տուժել էր ջարդերից, որոնք կազմակերպում էին տեղի ազգայնականները, «կանաչների» խմբավորումները և Կարմիր բանակի մի մասը:

 


Սակայն ժողովրդի հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր Սիմոն Պետլյուրայի գլխավորած զինված ուժերի ձևավորումը Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունում: Ջարդերի արդյունքում Ուկրաինայում զոհ էր դարձել 100-200 հազար հրեա:

 


Ոգևորված Թեհլերյանի օրինակով՝ հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը ձեռնամուխ է լինում Պետլյուրայի սպանությանն իրականացմանը: Պոդոլսկի մարզում ապրող Շվարցբարդի բարեկամները մահացել էին Քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ Շալոմը Առաջին համաշխարհայինին մասնակցելուց հետո տեղափոխվել էր Արևմտյան Եվրոպա:

 

1926 թվականին իմանալով, որ Պետլյուրան Փարիզում է՝ Շվարցբարդ որոշում է հետևել նրան և սպանել: 1926 թվականի մայիսի 25-ին Սեն-Միշել պողոտայի և Ռասին փողոցի խաչմերուկում մոտենալով ցուցափեղկերն ուսումնասիրող Պետլյուրային և երեք անգամ կրակելով ատրճանակից՝ հրեան հանգիստ սպասում էր ոստիկանների ժամանմանը, հանձնում է իր զենքն ու հայտարարում, որ մարդասպանի էր սպանել:

 


Շվարցբարդի գործով դատը սկսվել էր 1.5 տարի անց՝ 1927 թվականի հոկտեմբերի 18-ին. այն  լայն հրապարակայնություն էր ստացել: Ամբաստանյալի պաշտպանությանն էին կանգնել մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ փիլիսոփա Անրի Բերգսոնը, գրողներ Ռոմեն Ռոլանը, Անրի Բարբյուսը, Մաքսիմ Գորկին, ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնը և Պոլ Լանժվենը: Պատմաբաններ Սեմյոն Դուբնովը և Իլյա Չերիկովերը տեղեկություն էին հավաքել Ուկրաինայում տեղի ունեցած ջարդերի մասին և ներկայացրել դատարան, իսկ հայտնի հրեա գրող Շոլոմ Աշը գրում էր, որ «Շվարցբարդը վրեժխնդիր էր եղել բոլոր հրեաների համար»:

 


Արդյունքում Թեհլերյանի և Շվարցբարդի մասին գրել էր փիլիսոփա Հաննա Արենդթը: Նրա կարծիքով՝ երկուսի դեպքում էլ շարժառիթ էր ոչ թե վրեժը, այլ արդարության զգացումը: Նրանք չէին փորձում փախչել ոստիկանությունից, հակառակը, հնազանդ սպասում էին նրա ժամանմանը, որպեսզի ձերբակալվեն, ապա դատարանին ապացուցեն իրենց զոհերի ձեռքով իրականացրած արյունալի վայրագությունները:

 

Երկու դեպքում էլ դատարանն արդարացրել էր մեղադրյալներին: Դատական գործընթացից հետո Թեհլերյանը Գերմանիայից տեղափոխվել է Սերբիա, որտեղ ամուսնացել էր հայուհու հետ: Սերբիայում նա ապրեց մոտ 30 տարի, իսկ 50-ականներին ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ մահացել էր 63 տարեկան հասակում: Շվարցբարդն ազատ արձակվելուց հետո մնացել էր Փարիզում, որտեղ էլ շարունակում էր իր գրական գործունեությունը: Մահացել էր 1938 թվականին Հարավային Աֆրիկայում, որտեղ ուղևորվել էր եբրայերեն հրատարակվող նոր գրական ալմանախի համար միջոցներ հավաքելու:

 


Վերջապես 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել էր Ցեղասպանություն հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան: «Ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ գործածվել էր հենց այս փաստաթղթում: Եզրույթի հեղինակն էր ուսանող լինելու տարիներին Թեհլերյանի դատական գործընթացին հետևող հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը:

 


Նիկոլայ ԼեբեդևJewish.ru

Նույն շարքից