Բիզնես 

Հայաստանում արդյունաբերական նոր ճյուղերը կազատվեն հարկերից

Հայաստանում  արդյունաբերությամբ զբաղվող այն ընկերությունները, ովքեր կփորձեն հանրապետության համար նոր արտադրություն կազմակերպել, այսուհետև կազատվեն բոլոր հարկերից:


Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեցՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նշելով, որ այդ ձեռնարկությունները կգործեն Հայաստանում հիմնված ազատ տնտեսական գոտիներում: «Պարտադիր պայման է լինելու այն, որ այդ ձեռնարկությունները սկսեն նոր արտադրություններ, ինչպիսիք մինչ օրս չեն եղել հանրապետությունում: Այսինքն` այսուհետև ազատ տնտեսական գոտիները կգործեն արդյունաբերողների համար»,- հայտնեց նախարարը:


Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ վերջին 6 ամսում Հայաստանում քիչ-քիչ ավելացել են արտադրության ծավալները: «Արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, ռետինե և պլաստմասայե ապրների, ինչպես նաև թղթի արտադրությունը»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս  ընթացքի մեջ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազավարական շրջանակներում հաստատված 8 ոլորտային ռազմավարությունների պատրաստումը:


Հայաստանի տնտեսական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը` նշելով, որ այդ ոլորտում տարեկան աճը շուրջ 25 տոկոս է:  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերությունների ձևավորման և աշխատատեղերի ստեղծման նպատակով սկսնակ ձեռնարկությունների համար արտոնություններ են տրվել: Պետբյուջեից դրա համար տարամդրվել է 80 մլն դրամ, արդյունքում  ստեղծվել է Գյումրու տեխնոպարկը, որտեղ ներկայումս  ուսուցում են անցնում 1100 ուսանողներ և դպրոցականներ»,- ասաց նա: Ճշմարիտյանը կարևորեց նաև այն ծրագիրը, որով սհամանամերձ և հեռավոր 344 գյուղերում իրականացվել է անլար ինտերներտ սարքավորումների տեղադրում:


Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նախարարության կողմից իրականացվող հետազոտության արդյունքներով` 2014 թ. Հայաստանում գործում են 396 տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ, որնց շուրջ կեսը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Ոլորտում աշխատում են 11 հազար 560 մարդ, իսկ տարեկան հասույթը այստեղ կազմում է  շուրջ 280 մլն դոլար:

Նույն շարքից