Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2014թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են 1 մլրդ 501.4 մլն ԱՄՆ դոլար, որից 758.3 մլն ԱՄՆ դոլարը` ուղղակի ներդրումներ:
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա տեղեկացրեց, որ տնտեսության իրական հատվածում ներդրումների հիմնական ներհոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին, Կիպրոսին, Գերմանիային, Լիբանանին, Նիդեռլանդներին: «Ներդրումների հիմնական ներհոսքն ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, հանքագործական արդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության և հեռահաղորդակցության ոլորտներ: Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր 39 երկրի հետ, 28 երկրի հետ համաձայնագրերը բանակցվում են»,- ասաց Ճշմարիտյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ 2014թ. Հայաստանում գրանցված են օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ մոտ 6000 ձեռնարկություն: «Հեղինակավոր «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից թողարկվող Տնտեսական ազատության ինդեքսի 2014 թվականի արդյունքներով Հայաստանը ԱՊՀ երկրների ցանկում առաջատարն է և աշխարհում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը (68.9 միավորով) 187 երկրների շարքում»,- ասաց նա:
Խոսելով 2014 թվականի ընթացքում կատարված ներդրումների մասին` նա հիշեցրեց, որ ստեղծվել է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին: «Արդեն իսկ կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր: ԱՏԳ շահագործման արդյունքում ակնկալվում է 120 ընկերությունների ներգրավում, շուրջ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում և տարեկան շուրջ 200-250 մլն ԱՄՆ դոլարի արտահանում»,- ասաց նախարարը: