Հայաստանն ակտիվացրել է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ դեպի այդ երկիր արտահանումն ավելացնելով 2.5 անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014 թվականին Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 588 մլն 457.3 հազար դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 29.4 տոկոսով։ Ընդ որում, Չինաստանին է բաժին ընկել Հայաստանի արտաքին առևտրի 9.9 տոկոս մասնաբաժինը, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 7.8 տոկոս։
2014 թվականին աճել է նաև Չինաստանից ներմուծման ծավալները։ Մեկ տարում Հայաստան է ներմուծվել 417 մլն 503.3 հազար դոլարի չինական ծագման արտադրանք՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 8.2 տոկոսով։
Հայաստանից Չինաստան արտահանվել են հիմնականում հանքաքար և պղնձի խտանյութ, էթիլային սպիրտ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք, ինչպես նաև ադամանդ: Չինաստանից Հայաստան են ներմուծվել հիմնականում համակարգիչներ, երկաթի հարթ գլանվածք, կահույք և կահույքի մասեր, ռետինե անվադողեր, հագուստեղեն և կոշկեղեն։