Բիզնես 

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 10.5 տոկոս

ԿԲ խորհուրդը 2015թ. փետրվարի 10-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:  2015թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:


Խորհուրդն արձանագրել է, որ 2015թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման:


Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5%: Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում:


ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:


Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 14.5% և 9%:

Նույն շարքից