Դեռևս նախորդ տարի, երբ պետք է կիրառման դրվեր «Արտոնագրային վճարների մասին» օրենքը, ատամնաբուժները իրար էին խառնվել. նրանք մտավախություն ունեին, որ կարող են չդիմանալ հարկային նոր քաղաքականությանը: Այսինքն՝ բացի հիմնական հարկերից, ատամնաբուժները պարտավոր էին նաև հավելյալ հարկ վճարել, ինչը բողոքի ալիք էր բարձրացրեց: Վերջիններիս կանխատեսումները, որ կարող են փակվել ՀՀ տարածքում գործող բազմաթիվ փոքր ատամնաբուժարաններ, այսօր իրականություն են դառնում:
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանում գործող շուրջ 35 ստոմատոլոգիական կլինիկաներ վերադարձրել են իրենց արտոնագրերը: 16 կլինիկա առհասարակ դադարեցրել է իր գործունեությունը, ոմանք էլ դիմել են հարկային մարմիներին՝ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով;
Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող ատամնաբուժական կլինիկայի ատամնաբուժ Նունե Գևորգյանը analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճախորդի համար այսօր թանկ հաճույք է դարձել ատամ բուժելը, քանի որ օր օրի դեղորայքի թանկացման հետ միասին բարձրանում է նաև բուժսպասարկման գները:
Ըստ նրա, դա նկատվեց հատկապես անցած տարվա վերջին երկու ամիսներին, երբ կտրուկ բարձրացավ դոլարի արժեքը. «Նյութերը, հիմնականում, ձեռք ենք բերում արտասահմանից, փոխարժեքի տատանումների հետ կապված ստիպված ենք անընդհատ գնային փոփոխություններ կատարել»,-ասաց մասնագետը, ում խոսքով, յուրաքանչյուր ստոմատոլոգիական բազկաթոռի համար ամսական գանձվում է մինչև 60-80 հազար դրամ՝ կախված ատամնաբուժարանի տեղից ու վայրից.«Որքան կենտրոնական է տարածքը, այնքան ավելի թանկ է սպասարկումը»,-բացատրեց նա:
Ատամնաբույժի խոսքով, գնաճով պայմանավորված ոչ միայն դժվարացել է դեղորայք ձեռք բերելը, այլև սարքավորումները թարմացնելը: Մասնագետները հնարավորություն չունեն մասնակցելու նաև վերապատրաստման դասընթացներին:
Թե ինչ են պատրաստվում անել ստոմատոլոգները մոտական օրերի ընթացքում, և ինչպես նախորդ տարի պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքի ցույցերով արտահայտել իրենց դժգոհությունը, զրուցակիցս դժվարացավ պատասխանել, նշելով, որ առայժմ հայտնի չէ:
Հասմիկ Մովսիսյան