ՀՀ կառավարությունն այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կառավարությանը ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով պատգամավորը առաջարկում էր նվազեցնել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափը և սահմանել 10%։
Ինչպես Կառավարության նիստին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը խոսքը վերաբերում է հացին, հացամթերքին, կաթին, կաթնամթերքին, մսին, մսամթերքին և ձվին։
«Պատգամավորը հիմնավորում է, որ դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի ապրանքների գների նվազեցման և կընդլայնի պահանջարկը այդ ապրանքների նկատմամբ։ Բայց մենք կարծում ենք, որ դրույքաչափի նվազեցումը չի կարող գնի նվազեցման պատճառ դառնալ, քանի որ այդ ապրանքների հումքի դրույքաչափը չի փոխվում։ Այսինքն՝ գների էական նվազում տեղի չի ունենալու»,-ասաց նա։
Վախթանգ Միրումյանը նաև նշեց, որ վերոնշյալ օրենքում փոփոխություններ տեղի են ունենալու և կարիք չկա, որ պատգամավորները առանձին կետերի անդրադառնան։ Կառավարությունը ներկայացված նախագիծը աննպատակահարմար համարեց։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ պատգամավորի առաջարկը լավն է, պարզապես պետք է ճիշտ հաշվարկ անել ու հասկանալ, թե ինչ անել։ «Պետք է, սոցիալական խնդիր կլուծենք, դրա համար քննարկենք հարցը, նաև Վախթանգ, պատգամավորի հետ խոսիր, տեսնեք ինչ լուծումներ կան»,- ասաց նա։