Մամուլի տեսություն 

Նախարարն, ինչպես միշտ, գյուղացիներին փորձել է մոլորեցնել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» և «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: «Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով և կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, և կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաև արտահանումներ իրականացնել»,- հայտարարել է նախարարը։

Նրա խոսքերով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի, այսինքն` նախորդ տարվա համեմատ շուրջ 38 տոննայով պակաս: և կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն և առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով։ Իհարկե, գյուղնախարարը կարող է շատ բաներ խոստանալ և հայտարարել, սակայն իրականում գյուղացիները պնդում են, որ կաթն իրենցից գնում են 80-100 դրամով, ինչը ձեռնտու չէ: Այդ գնով կաթը վաճառելով՝ գյուղացիները չեն կարողանում անասնակերի խնդիրն անգամ լուծել, ուր մնաց եկամուտ ունենան: Բայց նախարարն, ինչպես միշտ, գյուղացիներին փորձել է մոլորեցնել: Հետաքրքիր է` մինչև երբ է նա պատրաստվում սուտն ու աճպարարությունը դարձնել աշխատանքային գործիքներ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից