Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սպասված նիստը կայացավ: Բացակայում էին սպասված անձինք՝ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը, քաղաքական գործիչներ ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, որոնք կարող էին արտահայտել ժողովրդի կարծիքը:
ՀԷՑ նախագահը կրկին գրություն էր ուղարկել, ինչպես էլէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումների դեպքում, սակայն այս անգամ բացակայության պատճառը ոչ թե աննպատակահարմարությունն էր, այլ՝ անհնարինությունը: Շատերի՝ Բիբինին գոնե մեկ անգամ տեսնելու ցանկությունը կրկին չիրականացավ:
Այսպես, ՀԾԿՀ նիստն անցավ լարված մթնոլորտում: Մինչ ներսում մասնակիցներն իրար էին վիրավորում, դրսում բողոքի ակցիա էր ընթանում, որի մասնակիցները հավկիթներ էին նետում ՀԾԿՀ շենքի ուղղությամբ, անգամ բախում եղավ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:
Ներսում մթնոլորտը հատկապես լարվեց, երբ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը սկսեց վիճել մյուս մասնակիցների հետ: Անին, ի վերջո, հունից հանեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով առանց այդ էլ ծանր վիճակում էր, քանի որ նիստի մասնակիցներից ոմանք Նազարյանին անվանեցին թուրքամետ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը թույլ տալու համար:
Նիստին մասնակցում էր նաև ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով հայտարարեց, թե մի շարք կուսակցույունների ղեկավարներ ցանկանում են ներկա լինել նիստին: Քիչ անց «ծանոթի միջոցով» ներս եկան «Հայկանդուխտ» և «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ներառված են ՕԵԿ նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ:
Չցանկանալով վիրավորել հայկանդուխտներին, Անի Զախարյանին կամ Հովհաննես Մարգարյանին, այնուամենայնիվ, ցավալի է, որ հասարակության կարծիքն ու ձայնը հենց նրանց միջոցով բարձրաձայնվեց և կարևոր հարցի քննարկման համար գումարված նիստն օգտագործվեց PR նպատակներով:
Քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, որոնք անընդհատ բարձրաձայնում էին ՀԷՑ ապօրինությունների մասին ու էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ, ձեռքները ծալեցին ու մի կողմ քաշվեցին, հարթակը տրամադրելով վերը նշված անձանց: