Huffington Post-ը հրապարակել է Լունա Ադամյանի հոդվածը, որում հեղինակը հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«1914-1918 թվականների ընթացքում սպանվել է ավելի քան 1.5 մլն հայ: Դա 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկն է և կոչվում է առաջին ժամանակակից ցեղասպանություն: Սակայն նույնիսկ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց, դրա կազմակերպիչ Թուրքիան հրաժարվում է հաշտվել իր եղեռական անցյալի հետ: Երկիրը ոչ միայն հերքում է իր ամոթալի անցյալը, այլև սպառնալով և ագրեսիվ մարտավարությամբ՝ դատապարտում այլ երկրների կողմից դրա ճանաչումը:
Այդ վայրագություններից հետո շատ հայեր բնակություն են հաստատել Ամերիկայում և դարձել ամերիկահայ: Փաստացի, Ամերիկան դարձել էր տուն հայրենիքից դուրս երկրորդ ամենամեծ քանակով հայ բնակչության համար: Տարիներ շարունակ հայ համայնքը հույս էր հայտնում, որ կառավարությունը մի օր կճանաչի իրենց ցեղասպանության ողբերգական եղելությունը:
Վերջապես, Ամերիկան ազատության, բազմազանության, արդարադատության և հնարավորությունների երկիր է, որի նախագահը մարմնավորում է այս բոլոր արժեքները:
Որպես նախագահի թեկնածու, այդ ժամանակ սենատոր Բարաք Օբաման հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն չէ, ոչ էլ անձնական կարծիք կամ տեսակետ, այն վավերագրված փաստ է, որը հավատարմագրված է բազմաթիվ պատմական ապացույցներով: Փաստերն անհերքելի էն… որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: 6 տարի է անցել, իսկ Հայոց ցեղասպանությունը դեռ այդպես էլ պաշտոնապես ճանաչված չէ:
Հավանաբար հետաքրքրում է՝ ինչու՞: Թուրքիան զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը խորապես կազդի Ամերիկայի հետ իր հարաբերությունների վրա: Հետևաբար նախագահ Օբաման զուսպ է արտահայտվում, որպեսզի չվշտեցնի Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իր առանցքային դաշնակցին: Օրինակ, անցյալ տարի ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է բանաձև, որն այդ կոտորածները որպես ցեղասպանություն է ճանաչում: Թուրքիան սպառնացել է, որ նման բանաձևերը խորապես կվնասեն թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Թուրքիայի պետական մակարդակով ժխտողականությունը գրեթե աննախադեպ է: Դոկտոր Սթենթոնը բացատրում է, որ դա «ցեղասպանության շարունակությունն է, որովհետև այն շարունակական փորձ է ոչնչացնելու տուժող խմբին հոգեբանորեն և մշակույթի տեսանկյունից»:
«Մենք չենք կարող քաղաքական խաղեր խաղալ նման լրջության հարցերի հետ», – հայտարարել է Իլինոյս նահանգի ներկայացուցիչ Ռոբերթ Դոլդը:
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը մոտենում է իր ավարտին. եկեք հուսանք, որ նա կօգտագործի այդ եզակի հնարավորությունն ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հուսանք՝ նա «լիովին կճանաչի մարդկության ամենասարսափելի հանցագործությունը»:
Հուսանք՝ նա «կօգնի կանխել ապագա ցեղասպանությունները՝ վերահաստատելով, որ մենք չենք հանդուրժի մարդկային արժանապատվության ոտնահարումը»: Հուսանք…»: