Տնտեսություն 

IT ոլորտը Հայաստանում կարող է իրեն ապահովագրել տատանումներից. Կարեն Վարդանյան

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում կարող է եւ տուժել, եւ շահել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում նշել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ երկրում բացակայում են համապատասխան քաղաքական եւ տնտեսական ինստիտուտները, որոնք համարժեքորեն կվերլուծեն այս խնդիրը:

Վարդանյանը նշել է, որ ԱՄՆ մինչեւ 2023 թվականը մոտ մեկ մլն IT մասնագետների պակաս կզգա: «Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ Ռուսաստանում մինչեւ 2030 թվականը: Այսինքն այսօր աշխարհի բոլոր անկյուններում տեխնոլոգիական մասնագետների պակաս է զգացվում: Եթե մենք ունենանք համապատասխան մասնագետներ եւ ձեռնարկություններ, կարողանանք բարելավել կրթական համակարգը թե դպրոցում, թե համալսարաններում, կարողանանք պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն աշխատել տարբեր շուկաներում, այդ դեպքում՝ մենք կկարողանանք ապահովագրել մեզ տարբեր տեսակի տատանումներից»,-նշել է Կարեն Վարդանյանը:

Նա ընդգծել է, որ ինքն անձամբ կողմ է ինքնիշխան պետության ստեղծմանը: «Բայց հասարակության 95 տոկոսը, ցավոք, ներկայումս իր երկրին վերաբերում է որպես ֆուտբոլի երկրպագու՝ հանդես գալով եվրոպական կամ ռուսական կողմոնորշման օգտին: Բայց կա նաեւ հայկական կողմնորոշում, որը ամենաուժեղն է եւ որի օգնությամբ կարելի է ավելի շուտ ոտքի կանգնել»,-ամփոփել է Վարդանյանը:

Նույն շարքից