Հիշում եմ և պահանջում 

Politique Internationale ֆրանսիական ամսագրի նոր համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

Politique Internationale ֆրանսիական ամսագրի նոր համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։



«Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» (Միջազգային քաղաքականություն) հանդեսը 330 էջանոց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով»,– նշեցին մամուլի ծառայությունից։



Համարում տեղ են գտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:



Բացի այդ, «Politique Internationale»-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել նաև Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Օրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա):

Նույն շարքից