Միացյալ նահանգները սիրիական օդանավակայաններից մեկում հայտնաբերել է մի քանի ռուսական ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, նշելով, որ աղբյուրների համաձայն օդանավակայանում արձանագրված ուղղաթիռներից մի քանիսը ռազմական են եղել:
Սակայն կոնկրետ չի նշվում թե ուղղաթիռները երբ են ժամանել ու ինչ մոդելի են:
Ավելչի վաղ հայտնվել էր ռուսական 7 տանկի առկայության մասին, որոնք իբրեւ թե նկատվել էին Լաթաքիայի ռազմաբազայում:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման ու հակաահաբեկչական կոալիցիայի անդամ 60 երկրների ընդդիմությանը:
Ռուսաստանը բազմիցս դիմել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային՝ կոչ անելով համագործակցել Բաշար Ասադի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, այնինչ Սպիտակ տունը պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը:
2011թ.-ից Սիրիայում շարունակվող արյունահեղ պատերազմի հետեւանքով, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Կառավարական զորքերի դեմ մարտնչող տարբեր անջատողական խմբավորումներից ամենավտանգավորն ու մարտունակը ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայիններն են: