ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին գրավոր ուղերձ է հասցեագրել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ամերիկյան ժողովրդի և Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար և խորապես երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջև կարևոր գործընկերության ամրապնդմանն աջակցության համար»:
Ի պատիվ դեսպան Մարգարյանի՝ ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ընդունելությունների դահլիճում կազմակերպվել էր հրաժեշտի ընդունելություն, որին ներկա էին Պետքարտուղարության և ԱՄՆ անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:
Իրենց ելույթներում ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջը և պետքարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Մարգարյանի երկարամյա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: