Վիենայում կայանալիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի բոլոր վեց մասնակիցները, որոնք ներկայացնում են 5 աշխարհամասերն ու Հայաստանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին միաբերան պնդեցին, որ իրենց համար պատիվ է Հայաստանը ներկայացնել այս հեղինակավոր մրցույթին։
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ այս խումբը միասնության խորհրդանիշ է, հատկապես այս հատկանշական տարում։
«Ոգեշնչվել ենք անմոռուկի գաղափարով ու Եվրատեսիլի՝ կամուրջներ կառուցելու գաղափարով։ Այդ կամուրջները կազմում են մեր ամբողջ Հայաստանը։ Ինչ վերաբերում է երգի հաղորդագրությանը, ապա այն բազմիմաստ է, և յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հարազատ իմաստը։ Երգը հասցրել է սիրվել եվրոպացի հանդիսատեսի ու սփյուռքահայերի կողմից»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպես են փնտրել ու գտել խմբի հինգ մասնակիցներին տարբեր աշխարհամասերից, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ հեշտ չի եղել, բայց օգտագործվել են փնտրելու մի քանի միջոցներ։
«Առաջինը՝ ընկերն են ու ծանոթներն են, երկրորդը՝ համացանցն է։ Օրինակ` Եսայիին արդեն ճանաչում էիք, քանի որ մասնակցել էր Հանրային հեռուստաընկերության ծրագրերից մեկին։ Ավստրալիայի մասնակցի հարցում օգնել է երգչուհի Արաքս Մանսուրյանը։ Աֆրիկան ներկայացնող Վահեին գտել եմ համացանցով, մինչ այդ նրա մասին չէի լսել։ Հայաստանյան մասնակցի ընտրությունը հեշտ եղավ, քանի որ Ինգա Արշակյանին բոլորը ճանաչում են որպես ազգային երգերը ներկայացնող երգչուհու, և նա սիրված է»,-ասաց նա։
Նշենք, որ խումբը ներկայացնում են Եվրոպայից Եսայի Ալթունյանը, Ամերիկայից՝ Թամար Կապրելյանը, Աֆրիկայից՝ Վահե Թիլբյանը, Ավստրալիայից՝ Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, Ասիայից՝ Ստեֆանի Թոփալյանը և Հայաստանից՝ Ինգա Արշակյանը։ Նրանք միասին կներկայանան «Face the shadow» (Առերեսվիր ստվերին) երգով։
Նրանք ևս պատմեցին, թե ինչ զգացողություն են ունեցել ստանալով հրավեր՝ Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլին։ Եսայի Ալթունյանը նշեց, որ Ֆրանսիայից ստացել է հրավեր՝ մասնակցելու մրցույթին, սակայն չի համաձայնել, ինչը մեծ ուրախությամբ արել է Հայաստանի դեպքում։
Ամերիկան ներկայացնող Թամարը նշեց, որ իր համար հրավերը անսպասելի էր, բայց միաժամանակ մեծ պատիվ ներկայացնել Հայաստանը մեծ միջազգային մրցույթում։
Ինգա Արշակյանն էլ նշեց, որ քանի որ ինքը արդեն որոշակի չափով փորձառություն ունի, կանի ամեն ինչ խոչընդոտները հաղթահարելու համար։