Հայտնի ֆինանսական բուրգի դատավարությունը թևակոխեց վիճաբանությունների փուլ: Հիշեցնենք, որ հենց այս գործի շրջանակներում պաշտոնանկ արվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը, ով շատ արագ հայտնվեց պարտքերի մեջ, քանի որ նրան պատկանող բիզնեսներն իր պաշտոնանկությունից հետո միանգամից դարձան ոչ եկամտաբեր:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վերջինս պատրաստվում է իր տղայի հետ միասին լքել ՀՀ-ն:
Ֆինանսական բուրգի գործում հաջորդ գլխավոր դերակատարը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն էր, ով նույնպես պաշտոնանկ արվեց, ճիշտ է՝ մի քիչ ավելի ուշ:
Կարեն Բաբակեխյանն իր մտերիմների մոտ նեղսրտած արտահայտվել է, որ Բարսեղ Բեգլարյանը՝ «ֆլեշի Բարսեղ», այլևս չկարողացավ իրեն պահել: Սակայն սույն նախկին պաշտոնյան,ի տարբերություն իր աներորդի Ն նազարյանի, դեռ փորձում է օգուտով դուրս գալ հայտնի ֆինանսական բուրգի գործից:
Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր նրան , որ Կ.Բաբակեխյանը 100.000 ԱՄՆ դոլարով գնել էր ամբաստանյալ Արթուր Անդրեասյանից, վերջինիս կողմից տուժողներից մեկից խարդախությամբ հափշտակված Բաղրամյան պողոտայի 77/8 հասցեում գտնվող հասարակական տարածքը:
Նշենք, որ այս տարածքի շուկայական արժեքը, ըստ քրեական գործի նյութերի, մոտ 400.000 ԱՄՆ դոլար է : Կ.Բաբակեխյանի հերթական փայլուն օպերացիան այս անգամ այնքան էլ հարթ չընթացավ՝ ի տարբերություն Նորաշենի, «Տյունինգ» Արթուրի և մնացած քրեական գործերի: Ֆինանսական բուրգի գործով նախաքննություն իրականացնող մարմինը շատ արագ պարզեց, որ տարածքը հափշտակված է, այն ներառեց ամբաստանյալի կողմից կատարված խարդախության դրվագների մեջ և արգելանք կիրառեց տարածքի նկատմամբ: Նույնիսկ ՀՔԾ-ն իր որոշման մեջ նշեց, որ ամբաստանյալը, տուժողից հափշտակելով Բաղրամյան 77/8 տարածքը, նրա հետ վերադարձը բացառելու նպատակով այն ձևակերպել է Կ.Բաբակեխյանի անունով:
Սակայն Կ.Բաբակեխյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ այս անգամ հավանականություն կա ուրիշից ապօրինի կերպով վերցված գույքը վերադարձնելու համար: Նրան էլ կարելի է հասկանալ, չէ՞ որ դեռ երբեք նրա կյանքում նման բան չի եղել, նա միշտ մարսել է, ինչպես մեր պապերն են ասել՝ «Անսովորին մի սովորացրու, սովորացրածին էլ մի կտրի»: Իրականության հետ նրա չհամակերպվելն է փաստում նաև այն, որ նա վերջերս իր մտերիմների մոտ հայտարարել է, թե ամեն ինչ կտա, բայց տարածքը հետ չի տա և դրա համար պատրաստ է ցանկացած քայլի:
Հետաքրքիր է նաև այն, որ վերջերս Կ. Բաբակեխյանը պատահաբար հանդիպել է մի անձնավորության, ով հանրապետությունում հայտնի է դատարաններում և իրավապահ մարմիններում հարցեր կարգավորելու լայն հնարավորություններով: Չար լեզուները ասում են, որ այդ հանդիպումից հետո Կ.Բաբակեխյանը նորից իր մտերիմների մոտ հայտարարել է, որ թեպետ ծանր պայմաններով, բայց այնուամենայնիվ իրեն հաջողվել է հասնել նրան, որ Բաղրամյան 77/8 տարածքի հափշտակության դրվագով ամբաստանյալ Ա.Անդրեասյանը արդարացվի և տարածքը արգելանքից հանվի:
Շարունակելի