Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյան. «գլավլիտ» դարձած երբեմնի ընդդիմադիր լրագրողը

analitik.am

Հայաստանում հինգշաբթիները սովորաբար «թեժ» են լինում, քանի որ չի լինում կառավարության մի նիստ, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես չգա այնպիսի մի հայտարարությամբ, որը հետո բոլոր լրատվամիջոցները` թե’ երդվյալ պրոիշխանականները, թե' իշխանությանը քննադատել «հանդգնողները», ստիպված չլինեն մեծ ջանքեր գործադրելով հիմնավորել ու տեղավորել տրամաբանության շրջանակներում:

Երդվյալ պրոիշխանականների բախտն այս հարցում բերել է, նրանք սահմանափակվում են դիֆերամբներով, որոնք այս լրատվամիջոցների լսարանների կողմից լիովին ընկալվում է` իրենց «հեղափոխական» տրամաբանության շրջանակում: Իսկ ահա իշխանությանը քննադատել «հանդգնողները» փորձում են վարչապետի հայտարարությունը հիմնավորել մարդկային սթափ բանականության ու տրամաբանության շրջանակում: Հենց այստեղ է, որ առաջանում են բոլոր բարդությունները. դա դուր չի գալիս այժմ վարչապետ, իսկ նախկինում լրագրողական հանրության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին:

Փաստացի, այսօր մամուլից դժգոհում է երբեմնի ընդդիմադիր լրագրող Նիկոլը, որի խմբագրած թերթն ինչ ասես գրում էր օրվա իշխանության ու անգամ նրանց ընտանիքի դեմ՝ ծննդյան տոնակատարությունների սեղանների պարունակությունից մինչև կենցաղային բնույթի այլ շահարկումներ, իսկ պատգամավոր Փաշինյանը շարունակում էր նույն գործելաոճը, բայց արդեն ԱԺ ամբիոնից՝ «օդում կախված լուրերի» ձևաչափով: Քննադատությանը չդիմացող, չհաստատվող և երբեմն էլ ակնհայտ սուտ հայտարարություններ անելու սովորությունից Փաշինյանը չի հրաժարվել անգամ վարչապետի կարգավիճակում: Ցանկացած արտաքուստ անելանելի կամ բարդ իրավիճակում Փաշինյանը սկսում է սպառնալ իր կողմից մեղավոր նշանակվածներին պատերին ու ասֆալտին ծեփելու արդեն ծիծաղ առաջացնող հայտարարություններով: Ընդ որում, մեղադրանքները սովորաբար անհասցե են և հիմնականում այնքան հիմնազուրկ, որ անգամ պատկան մարմինները ամիսներ շարունակ հիմնավորումներ են փորձում հնարել Փաշինյանի ստեղծած ինֆորմացիոն «արմագեդոնի» հետևանքները վերացնելու համար:

Սրանից մի քանի տարի առաջ անհնար կլիներ պատկերացնել անգամ, որ ընդդիմադիր լրագրողի ճանապարհ անցած Փաշինյանը վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո դառնալու է Հայաստանի «գլավլիտը» և հիվանդագին արձագանք է տալու ընդդիմադիր ցանկացած խոսքի և ամենուր մեդիա-դավադրություն է փնտրում: Տպավորություն է, թե վարչապետի գործառույթը սահամանափակվում է մամուլի հրապարակումներին արձագանքելով և այդ կոնտեքստում «մեղավոր նշանակվածներին» պիտակավորելով:

Այս հինգշաբթի էլ կառավարության նիստին նախկին խմբագիր Փաշինյանը հերթական աղմկոտ հայտարարությունն արեց որոշ հեռուստաընկերությունների ու նրանց ռեյտինգը չափող ընկերության մասին՝ հայտարարելով, թե երկու հեռուստաընկերությունների լոգոների փոխարեն կարելի է գրել կոռուպցիա: Ինչո՞ւ, որովհետև այդ հեռուստաընկերություններն, ի տարբերություն Փաշինյանի սիրելի Հ1-ի, բողոքի գործողություններ են լուսաբանում, հասարակ մարդու խնդիրներն են բարձրաձայնում և հարթակ են տրամադրում մարդկանց, որոնց մուտքն իշխանական ԶԼՄ-ներ արգելված է: Արդյունքում ստացվում է իրական պատկեր, որը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրամցվող «երջանիկ Հայաստանի» պատկերի հետ: Մարդիկ շարունակում են ապրել իրենց օրեցօր ավելացող խնդիրներով ու հոգսերով, որոնց հետ մենակ են, ինչպես առաջ:

Միամտություն է կարծել, թե հեռուստաընկերությունների դեմ նման հարձակումներով հնարավոր կլինի ճնշել այլակարծությունը: Հետևաբար, անհասկանալի է, թե ինչի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը, երբ բացահայտ հարձակվում է հեռուստաընկերությունների վրա՝ ըստ էության ազդարարելով ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ ռեպրեսիաների մեկնարկի մասին: Հնարավոր ռեպրեսիաներից ոչ թե ազատ խոսքն է տուժելու, քանի որ դրա տարածման ուղիները բազմազան են, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից