Դասական երաժշտության համերգաշրջանի բացումը Լոնդոնի հայտնի St John’s Smith Square–ում կայացել է աշխարհահռչակ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111 ամյակին նվիրված համերգով։
Համերգի կազմակերպիչներն էին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը և Թեքեյան մշակութային միությունը, որը, որպես խոշոր մշակութային կազմակերպություն, միավորում է հայկական սփյուռքի համայնքները միմյանց և Հայաստանի։
Համերգի մենակատարն է եղել հայ տաղանդաշատ ջութակահարուհի՝ Անի Բատիկյանը, նվագակցողը՝ բրիտանացի հանրաճանաչ դաշնակահար Բենջամին Ֆրիթը։ Բարդ և բազմաժանր ստեղծագործություններն Անի Բատիկյանը հնչեցրել է հանրահայտ Ստրադիվարիուս ջութակով, որը պատկանում էր ռադիոյի գյուտի նորարար իտալացի Գուլյեմո Մարկոնիի եղբորը։
Ծրագրում հնչել են Է խաչատրյանի,Դեբյուսիի, Բրամսի, Սեն-Սանսի, Շոպենի, Բաղդասարյանի ստեղծագործությունները։ Համերգը եզրափակվել է Ա․Բատիկյանի ամուսնու՝ Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործությամբ՝ վարիացիաներ ՀՀ ազգային «Մեր հայրենիք» օրհներգի հիման վրա։
Բարձր կատարողական արվեստի շնորհիվ Անի Բատիկյանը նույն խորությամբ մեկնաբանել է թե՛ հայ, թե՛ օտարազգի դասական կոմպոզիտորների գործերը։ Համերգին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արվեստի ներկայացուցիչներ։ Հանդիսատեսը համերգից մեծ բավականություն է ստացել և իր հիացմունքն է արտահայտել բրավոներով և բուռն ծափահարություններով։
Համերգից մի քանի օր առաջ BBC Radio 3-ի ուղիղ եթերում նշանավոր հաղորդավար Շոն Րաֆերթին հյուրընկալել էր Անի Բատիկյանին՝ կենդանի կատարմամբ հանդես գալու և հարցազրույց տալու, հիշատակելու Արամ Խաչատրյանի հոբելյանը։
Մենակատար Անի Բատիկյանն ունի հարուստ կենսագրություն։ Ընդամենը 15 տարեկանում Անին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ Սեղմ ժամկետում և գերազանց առաջադիմությամբ ավարտում է ինչպես հիմնական, այնպես էլ ասպիրանտուրական ուսումը։ 2003թ. ընդունվում է Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ասպիրանտուրան և ավարտում է կոչումներով։ Այնուհետև գերազանց ավարտում է Շոտլանդիայի Թագավորական ակադեմիայի մագիստրատուրան։ Անին սովորել է նաև Իտալիայի Կրեմոնա քաղաքի Մոնտեվերդի երաժշտական դպրոցում` աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի մոտ:
Անին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հայաստանում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում։ Մենահամերգները կայացել են այնպիսի հայտնի համերգասրահներում ինչպիսիք են՝ Էդինբուրգի Usher Hall, Օքսֆորդի Sheldonian Theatre, Տորոնտոյի Glenn Gould Studios և Լոնդոնի St. Martin-in-the-Fields:
2007-2012թ. Անին դասախոսել է Շոտլանդիայի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում։ Անի Բատիկյանի կատարողական արվեստին բազմիցս անդրադարձել են տեղական և արտասահմանյան մամուլը։