Չինաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը: Մեկնարկեը տրվել է հուլիսի 21-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում հուլիսի 22-ին Պեկինի թանգարանի («The Chinese Museum of Women and Children») հայկական մոտիվներով ձևավորված ցուցասրահում բացվել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեսցու հայկական տարազների հավաքածուի ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի է ունեցել հայ վարպետների արվեստի գործերի ցուցադրություն:
Նույն օրը Պեկինի «Tianqiao Theatre»-ում կայացել է Հայաստանի մշակութային օրերի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուկանը: Արարողությանը մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Երաժշտական հատվածում հանդես է եկել «Բերդ» պարային համույթն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը՝ կատարելով հայկական ազգային երաժշտություն: Համերգին ներկա են գտնվել մի շարք բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Պեկին կատարած այցի շրջանակներում շրջանակներում կայացել է ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարների հանդիպումը: Քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, նախանշվել առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը: Նախարար Պողոսյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը: Հրավերն ընդունվել է ՉԺՀ մշակույթի նախարարի կողմից:
Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Չինաստանի այլ քաղաքներում: