Վերլուծական 

«Գումարներդ ետ պահանջելուց առաջ , հիշիր, որ մինուճար ունես»

Analitik.am կայքն արդեն իսկ անդրադարձել է դատարան հասած ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործի այն հանգամանքներին, որոնց, եթե  քննությամբ ձեռք բերված ապացույցներին օբյեկտիվ գնահատական տրվեր,  ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեին ևս մի քանի հոգի՝ գործով այս պահին որպես վկա անցնող նախկին  բարձրաստիճան ոստիկանների հարազատներ և ինչու չէ նաև հենց իրենք՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

 


Գործով ձեռք են բերվել ապացույցներ այն մասին,որ ամբաստանյալ Ա.Անդրեասյանը 2013 թ-ի մարտի վերջին տուժող Ա.Գալստյանին ցույց է տվել մի ցուցակ, որտեղ նշված են եղել այն պաշտոնյաների և նրանց հարազատների, մտերմների անունները,որոնցից որ նա  վերցրել է գումարներ բարձր,վաշխառուական տոկոսներով, ինչի պատճառով էլ իր ձեռքից խլվել են տուժողին փաստացի պատկանող տարածքները:Ըստ այդ ցուցակի ամբաստանյալը վերցրել է ՝


1.Կարեն Բաբակեխյանից (գործով վկա)  վերցրել է 400 000 ԱՄՆ դոլար՝ ամսեկան 4 տոկոսով և վճարել է նրան ամսեկան 16 000 ԱՄՆ դոլար:


 

2.Կարեն Մանուկյանից (Ներսես Նազարյանի աներորդի, գործով վկա) վերցրել է 100 000 ԱՄՆ դոլար ամսեկան 3 տոկոսով և վճարել 3000 ԱՄՆ դոլար:


3.Սարգիս Սարգսյանից (Ներսես Նազարյանի օգնական, գործով վկա) վերցրել է 200 000 ԱՄՆ դոլար ամսեկան 8 տոկոսով և վճարել ամսեկան 16 000 ԱՄՆ դոլար


 

4.Մուշեղ Սաֆարյանից (վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ, գործով տուժող) վերցրել է 60 000 ԱՄՆ դոլար ամսեկան 2 տոկոսով և վճարել 1200 ԱՄՆ դոլար՝ ամսեկան:

 


5.Արմեն Նազարյանից (Ներսես Նազարյանի որդի, գործով վկա) վերցրել է 118 000 ԱՄՆ դոլար առանց տոկոսների հաշվարկման:


6.Էդվարդ Եթիմյանից (Յունիբանկի կառավարիչի տեղակալ, գործով տուժող) վերցրել է 120 000 ԱՄՆ դոլար ամսեկան 1.6 տոկոսով և վճարել ամսեկան 1920 ԱՄՆ  դոլար :

 

7.Գևորգ Թադևոսյանից (գործով տուժող)՝ 40 000 ԱՄՆ դոլար` ամսեկան 2 տոկոսով, վճարել է ամսեկան 800 ԱՄՆ դոլար:

 


Այս ցուցակում նշված չի եղել գործով գլխավոր տուժող Ա.Գալստյանի անունը,որովհետև ցուցակը կազմված է եղել հենց նրան ցույց տալու համար: Այն, որ սույն ցուցակը գոյություն է ունեցել, իրենց ցուցմունքներում պնդել են վկաների և տուժողների մեծ մասը,քանի որ Ա.Անդրեասյանը նրանց նույնպես պատմել է, ինչպես նաև ցույց տվել  վերոնշյալ ցուցակը ՝ ասելով, որ իր դժբախտությունների պատճառը հետևյալ պաշտոնյաներին բարձր տոկոսներ տալու և հետագայում նրանց կողմից իր գույքերը խլելու մեջ է:

 


2013 թ-ի մարտի 24-ին Բաղրամյան 77/8 հասցեում գտնվող տարածքում կազմակերպված հավաքի միակ նպատակը եղել է այս ցուցակի քննարկումը, որին, ըստ վկաների, ներկա են եղել Կարեն և Ռուբեն Բաբակեխյանները,Կարեն Մանուկյանը,Սարգիս Սարգսյանը,Մուշեղ Սաֆարյանը,Արմեն Նազարյանը,Արթուր Անդրեասյանը,Արտակ Գալստյանը,Վասիլ ,Վիլեն և Նաիրա Անդրեասյանները (ամբաստանյալի հայրը,եղբայրը և հարսը), և սույն հավաքի մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության աշխատակիցները:

 


Քննարկման սկզբում, ըստ գործում առկա ցուցմունքների, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եղել է ուժի ցուցադրում,ծեծվել է ամբաստանյալ Ա.Անդրեասյանը, նրա ձեռքից խլվել են  նրա ընտանիքին պատկանող Ռաֆ 4 և Միտցուբիշի Պաջեռո ավտոմեքենաները,տարածքից տեղահանվել են Ա.Քամալյանին պատկանող 30 հատ կարի մեքենաները,որոնք  հետագայում 10 000 ԱՄՆ դոլար փոխհատուցման դիմաց վերադարձվել են նրան,տարածք է հրավիրվել գործով չպարզված իրավաբան և Ռուբեն Բաբակեխյանի անունով անվանափոխվել է ամբաստանյալի եղբոր բնակարանը (գտնվում է Կոմիտասի պողոտայում), ինչպես նաև ամբաստանյալի ավտոտնակը:

 


Ուժի ցուցադրումը, ըստ գործի նյութերի,  ազդեցություն չի ունեցել գործով տուժող ճանաչված Ա.Գալստյանի վրա, և վերջինս Կարեն Բաբակեխյանից այնուամենայնիվ պահանջել է իր 250 000 ԱՄՆ դոլար արժողությամբ (ըստ փորձագետի) տարածքը, սակայն վերջիններս հրաժարվել են այն ետ տալ,ավելին` հայտարարել են, որ Ա.Անդրեասյանը պետք է աշխատի և ապրի նույն կերպ,  ինչպես նախկինում, ոչ ոք պետք է նրան չանհանգստացնի,նա պետք է աշխատի և առաջնահերթ փակի իրենց՝ «ընտրյալների», պարտքերը,իսկ ով կանհանգստացնի նրան, գործ կունենա իրենց հետ:

 


Արտակ Գալստյանը չի համաձայնվել այս տարբերակին և պահանջել է իրենը, երկու օր անց նրան Ա.Անդրեասյանը՝ նախկին  բարձրաստիճան ոստիկանների անունից, հայտարարել է. «..մինչև  գումարներդ պահանջելը, մտածիր, որ մինուճար տղա ունես...»:  Այս սպառնալիքը  վերջնականապես հունից հանել է Ա.Գալստյանին:  Այս մասին է վկայում նաև քրեական գործում առկա Ա.Գալստյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման դատաձայնագրառման փորձաքննության եզրակացությունը:  Մեր կարծիքով,  հենց այս նախադասությունն է դարձել այս «պատերազմի» հիմնական շարժառիթը, ինչի պատճառով էլ  Նազարյանն ու Բաբակեխյանը պաշտոնանկ արվեցին: 



Սակայն հետագայում՝ քրեական գործի քննության ընթացքում, Կարեն Բաբակեխյանը,Արմեն Նազարյանը,Կարեն Մանուկյանը և Սարգիս Սարգսյանը հրաժարվել են,որ Ա.Անդրեասյանը երբևէ իրենց գումար է պարտք եղել, իսկ Ա.Անդրեասյանն էլ հայտարարել է,որ ինքը դիտավորյալ է խաբել Ա.Գալստյանին և գործով անցնող մյուս տուժողներին՝ ասելով, որ ինքը պարտք է պաշտոնյաներին: Խաբել է, որ նրանց վախից իրենից ոչ ոք ոչինչ չպահանջի: Այս մասին  իր ցուցմունքում հստակ նշել է նաև ամբաստանյալի հարսը՝ Նաիրա Անդրեասյանը՝ ասելով,  որ դիտավորյալ են գույքերն անվանափոխել Կարեն Բաբակեխյանի անունով,քանի որ հանրապետությունում ոչ ոք «դուխ չէր անի» նրանցից որևէ բան պահանջել:


Ամփոփելով այս հանգամանքները,  գալիս ենք հետևյալ երկու եզրահանգմանը ՝


1.Եթե ցուցակն իրոք իրական է, ապա Ա.Անդրեասյանն իրոք ընկել է նյութական ծանր վիճակի մեջ՝ նախկին բարձրաստիճան ոստիկաններին տրված վաշխառուական տոկոսների պատճառով, և ցուցակի իրական լինելը հերքելն (նախկին պաշտոնյաններն ասում են, որ պարտք չէ իրենց) այժմ ունի միայն քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ,քանի որ, ըստ գործի նյութերի էլ, ակնհայտ է, որ Ա.Անդրեասյանն իր հափշտակած գումարները գույքային տեսքով հիմնականում տվել է Կարեն Բաբակեխյանին և Մուշեղ Սաֆարյանին:

 


2.Եթե ցուցակը իրական չէ,ապա ապացուցված հանգամանք է՝ գործով անցնող անձանց ցուցմունքներով, որ Բաղրամյան 77/8 տարածքում իրոք եղել է հավաք,և պաշտոնյաներն իրոք հաստատել են Ա.Անդրեասյանի՝ իրենց ունեցած պարտքի և տոկոսների չափը, և եթե այժմ հրաժարվում են,ապա հենց իրենք էլ ղեկավարել են ֆինանսական բուրգը, իսկ այսօրվա անբաստանյալն ընդամենը կատարող է և քավության նոխազ:


Շարունակելի

Նույն շարքից