Այսօր առավոտյան Լևոն տեր Պետրոսյանը բավականին անսպասելի քայլ արեց, որը որոշ մարդիկ որակեցին որպես ԲՀԿ-ի նկատմամբ այս փուլում կատարված անընդունելի գործողություն: Խոսքը վերաբերում է Լևոն տեր Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նամակին:
Սկսենք դեպքերի հաջորդականությունից.
Այն, որ Լևոն տեր Պետրոսյանը արդեն 7-8 տարի է պայքարում է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար, փաստ է: Նպատակին հասնելու համար նա նույնիսկ համաձայնեց միավորվել ԲՀԿ-ի հետ, քանզի միայնակ այդ նպատակի իրագործումը գրեթե անհնար էր:
Ինչպես գիտենք իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է գաղափարական հիմք և կազմակերպչական ռեսուրսներ՝ այդ թվում բավականին խոշոր չափի ֆինանսական ռեսուրսներ: ԲՀԿ-ն էլ իր հերթին չէր կարող միայնակ գնալ իշխանափոխության, քանզի գաղափարական հիմքի մասով բավականին թերացումներ ունի: ԲՀԿ-ՀԱԿ ռեսուրսների միավորման արդյունքում իշխանափոխությունը կարող էր իրատեսական դառնալ:
Սակայն, մինչև փողոցային պայքարի անցնելը Լևոն տեր Պետրոսյանը հասկացավ, որ շարժման այն փուլում, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է նպատակն իրագործելու համար, խաղի մեջ կարող էր հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, ինչը վերջին շրջանում սպասելի և կանխատեսելի էր գրեթե բոլորի համար: Վերջինս էլ գործի կդնի վարչական լծակներում ունեցած իր հնարավորությունները՝ ինչպես գիտենք թե ուժային, թե պետական այլ կառույցներում կան մի շարք մարդիկ, ովքեր մինչ օրս հավատարիմ են Ռոբերտ Քոչարյանին, և իշխանափոխությունն արդեն կհամարվեր իրագործված՝, սակայն իշխանությանը փաստացի տիրանալու էր ոչ թե Լևոն տեր Պետրոսյանը, այլ Ռ. Քոչարյանը: Լևոն տեր Պետրոսյանին միանշանակ ձեռնտու չէր դեպքերի նման զարգացումը, ուստի նա պետք է երաշխիքներ պահանջեր Ծառուկյանից, որ նման բան տեղի չի ունենա, ինչն էլ արեց փետրվարի 16-ին (մեր ունեցած տեղեկությունների համաձայն, փետրվարի 16-ին Լևոն տեր Պետրոսյանը այս թեմայով հանդիպում է ունեցել Ծառուկյանի հետ) : Որպես երաշխիք կարող էր լինել այն, մինչև փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը ԲՀԿ-ն՝ հնարավորինս բարձր մակարդակով, կոշտ քննադատական հայտարարություններով հանդես գա Քոչարյանի դեմ:
Զարգացումները ցույց տվեցին, որ Ծառուկյանն ու Տեր Պետրոսյանը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել այս հարցի շուրջ, ինչի արդյունքում էլ փետրվարի 17-ի առավոտյան Լևոն Տեր Պետրոսյանը հրապարակեց իր սենսացիոն բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին:
8 տարի շարունակ Լևոն Տեր Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը ամենաբացասական էպիտետներով բնութագրել են Սերժ Սարգսյանին և նրա իշխանությանը՝ չդադարելով պահանջել վերջինիս հրաժարականը, սակայն անսպասելիորեն Լևոն Տեր Պետրոսյանը համագործակցության առաջարկով դիմում է Սերժ Սարգսյանին: Սա կատարվում է այն պահին, երբ եռյակի լիդերներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ-ն հայտարարել է չարիք և նրա դեմ գործարկել է ողջ վարչական մեքենան: Փաստորեն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն ամենաշատն ուներ աջակցության կարիք, մարդը, ում հետ նա պատրաստվում էր իրականացնել իշխանափոխություն և հասնել արտահերթ ընտրությունների, հրապարակային համագործակցության առաջարկով դիմել է Սերժ Սարգսյանին՝ այդ կերպ ցույց տալով, որ Սարգսյան-Քոչարյան հակամարտության դեպքում նա Սերժ Սարգսյանի կողքին է կանգնելու:
Այս ընթացքում ՀՅԴ գործիչների ջանքերով տեղի է ունենում Ծառուկյան Գագիկի անցնցում քաղաքական կապիտուլյացիան: Այսինքն՝ մոտավորապես այն, ինչ իր ելույթում «մարգարեորեն» ասել էր Արմեն Աշոտյանը՝ համեմատելով Գագիկ Ծառուկյանին անառակ որդու հետ, ով կվերադառնա իր «հոր» մոտ, երբ կկորցնի ամեն ինչ:
Թե ինչ պայմաններով տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կապիտուլյացիան՝ կպահպանի արդյոք նա իր պատգամավորական մանդատը, կշարունակի՞ ղեկավարել ԲՀԿ-ն, և ընդհանրապես նա կշարունակի՞ իր գործունեությունը ծավալել ՀՀ-ում, թե՞ կտեղափոխվի արտերկիր, ցույց կտա ժամանակը:
Մի բան կարող ենք հստակ փաստել,որ վաղվանից Գագիկ Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվող բոլոր ԶԼՄ-ներն աշխատելու են ՀԱԿ-ի ու վերջինիս ղեկավարի դեմ՝ մեղադրելով Լևոն տեր Պետրոսյանին՝ Ծառուկյանին թիկունքից հարված հասցնելու մեջ: