Որոշ տեղեկությունների համաձայն, ՀՀ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն օրեր առաջ սաստիկ բարկացել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Կ.Բատիկյանի վրա:
Պատճառն այն էր, որ Բատիկյանը չորս քրեական գործերում լուրջ բացթողումներ է թույլ տվել:
Հաշվի առնելով այն, որ Բատիկյանը բավականին լուրջ հովանավորներ ունի, կարծիք կար, որ այս անգամ էլ նա հեշտությամբ կմարսի ամեն ինչ։
Ամեն ինչ գուցե այդպես էլ լիներ, եթե այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ՛՛չպայթեր՛՛ Կենտրոնի Դատախազի կողմից դատարան ուղարկված հերթական գործը:
Գործով ամբաստանյալը դատարանում հայտարարեց այն մասին, որ իր ցուցմունքներն ուղղորդվել են քննիչի և վերահսկող դատախազի կողմից, իսկ դատարան ուղարկված քրեական գործից էլ փաստաթղթեր էին պակասում:
Խոսքը վերաբերում է դատավոր Գ.Պողոսյանի մոտ քննվող Լ.Վ-ի կողմից սուտ մատնություն կատարելու մեղադարանքով գործին։ Լ․ Վ-ն այսօր հայտարարեց, որ իրեն ուղղորդել և համոզել են հետաքննիչ Տիգրանյանը և գործը վերահսկող դատախազը:
Լ.Վ-ն «Բիգլեմոն» ընկերության կողմից իր աշխատավարձերը չվճարելու փաստով սկզբում դիմել է աշխատանքի տեսչություն: Տեսչության վարույթը լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից, որից հետո Լ.Վ-ի աշխատավայր է այցելել Ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Տիգրանյանը և փորձել հաղորդում վերցնել: Լ.Վ-ն հրաժարվել է ՝ ասելով, որ դատարան է դիմելու և քրեական հետապնդում չի ցանկանում: Տեսնելով, որ Լ.Վ-ն չի համաձայնվում, համոզում է վերջինիս՝ իր քաղաքացիական հայցի հիմքը ուղղակի գրի հաղորդման արձանագրության մեջ և հրաժարվի բացատրություն տալուց:
Լ.Վ-ն , ցանկանալով ազատվել Տիգրանյանից, հաղորդման արձանագրության մեջ նշում է, որ չի ստացել աշխատավարձը, ունի կասկածներ, որ իր ստորագրությունը կեղծված է և այդ փաստով դիմել է դատարան, այնուհետև հրաժարվում է բացատրություն տալուց՝ որպես պատճառաբանություն բերելով այն, որ դիմել է դատարան:
Ընդամենը մեկ օր անց Լ.Վ-ին զանգահարում, այնուհետև վերջինիս Ոստիկանության աշխատակից ամուսնու հետ վերջինիս տուն է գալիս հետաքննիչը, որին էլ մի կերպ հաջողվում է վերջինիցս իր ցուցմանը համահունչ բացատրություն վերցնել:
Այս ամենից հետո հարուցում են քրեական գործ և ինչ-որ հրաշքով նույն Լ.Վ-ին մեղադրանք առաջադրում՝ սուտ մատնություն կատարելու համար:
Նման պայմաններում միակ բանը, որ կարող ենք ենթադրել այն է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը սուտ մատնությամբ գործերի ցուցանիշ ցույց տալու խնդիր ունի։ Երևի հենց այս պատճառով էլ քրեական գործի միջից անհետացել են Լ.Վ-ի կողմից նախաքննությանը ներկայացված՝ իր անմեղությունն ապացուցող նյութերը:
Դեռ ինչքան ժամանակ դատախազությունը կհանդուրժի նման դատախազի իր կառույցում, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է, որ բազմաթիվ մարդիկ արդեն տուժել են և շարունակում են տուժել դատախազի նման գործունեության արդյունքում։
Հուսանք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես ուշադրություն կդարձնի իր ղեկավարած կառույցում կատարվող ապօրինություններին և դրանց հեղինականերին, իսկ եթե Բատիկյանը շարունակի անպատիժ կերպով աշխատել, ապա կնշանակի, որ մեր երկրում դատախազական համակարգն առողջացնելու համար դեռ շատ լուրջ և հասարակության համար վտանգավոր արգելքներ կան, ինչքան էլ, որ դա տրամաբանությունից դուրս լինի։