Առողջապահություն 

Էբոլայի դեմ ամրագրվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվել են նոյեմբերի սկզբին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի և այդ առթիվ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակության այցի հետ կապված կազմակերպական հարցերը։ Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել արդեն իսկ կատարված աշխատանքները։ Եվս մեկ անգամ քննարկվել է համաժողովի ծրագիրը, պլենար նիստերի թեմաները, նախատեսվող հանդիպումներն ու միջոցառումները։

Այնուհետև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նախարարին զեկուցվել է, որ ի կատարումն իր հրամանի` ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ` ցամաքային անցակետերում,  ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ 

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրեն Արա Ասոյանը ներկայացրել է, որ հիվանդանոցում ապահովվել են անհրաժեշտ պայմաններ վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։

Արմեն Մուրադյանը հանձնարարել է անցկացնել ևս մեկ վարժանք՝ վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար։

Նախարարը բոլորից պահանջել է բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն։ Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր։

Նույն շարքից