Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը հինգշաբթի տեղափոխվել է Էջմիածնում գտնվող Սուրբ Շողակաթ վանք Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնի կապակցությամբ, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազում ուխտավորներ` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի։
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը: