Վերլուծական 

Ինչքա՞ն է վճարել Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելու համար

Արատավոր ավանդույթ է ձևավորվում Հայաստանի կառավարական վերնախավում՝ պաշտոնների են վերանշանակվում մարդիկ, ովքեր ազատվել են պաշտոնից, մեղմ ասած, վատ պահվածքի համար: Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելու մասին երկար ժամանակ է խոսվում էր տարբեր շրջանակներում, սակայն մարդիկ չէին ցանկանում հավատալ, որ Սերժ Սարգսյանը կգնա այդ քայլին՝ հերթական անգամ արատավորել իր հեղինակությունը: Չենք մոռանում, որ Սարգսյանը սովորություն ունի մարդկանց իբր պատժելու համար հեռացնել պաշտոններից, այնուհետև վերականգնել կամ ավելի բարձրացնել:


Ավելի հասարականպաստ և պետականանպաստ կլիներ, եթե հարգարժան նախագահը ոչ պատշաճ պահվածք ունեցող պաշտոնյաներին կալանավորելու, պաշտոնից ազատելու փոխարեն խոշոր տուգանք սահմաներ և գանձեր նրանցից՝ այդ կերպ լցնելով պետական բյուջեն: Այս դեպքում գոնե կհասկանայինք, որ այդ արատավորված երևույթները վերադարձան, սակայն էական օգուտ տվեցին ամբողջ երկրին, իսկ հիմա չի հասկացվում, թե հանուն ինչի վերանշանակվեց՝ մի՞թե ՀՀԿ-ն այնքան անհույս վիճակում է, որ չի կարող այլ մարդու նշանակել, ուստի ստիպված պետք է վերջնականապես հեղինակազրկված մարդկանց վերանշանակի, թե՞ խոշոր տուգանքը մուծվել է, ուղղակի ՀՀ քաղաքացիներն այդ տուգանքի հետ որևէ կապ չունեն, քանզի դա անձնական բյուջե է գնացել:


Ինչքա՞ն կարելի է ՀՀ քաղաքացիների համբերության և առողջության հաշվին անձնական բյուջեն տուգանքներով լցնել՝ վերջին հաշվով սա երկիր է, ՀՀԿ-ն էլ կուսակցություն, այլ ոչ թե ՍՊԸ, որտեղ ընդունելի են նրանց որոշումները, ովքեր ավելի շատ են վճարում:


Հ.Գ. Ի դեպ, շատ էժան քայլ էր նիստերի օրակարգում չներառել Սուրիկ Խաչատրյանի նշանակումը, և միայն վերջին պահին ավելացնել՝ իբր աննկատ էր մնալու:


Հոգնել եք, պարոնայք, հոգնել…


Ա. Ասատրյան

Նույն շարքից