Վերլուծական 

Ծառուկյանի Էդոյի կադրերը օդից կախված են

ՀՀԿ Խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մեջ կա մեկը,  որի իրականացման հետ կապված կարող են ծագել օբյեկտիվ խնդիրներ:

 


Սերժ Սարգսյանը հանձնարարեց վարչապետին ստուգումներ անցկացնել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում: Դա, մեղմ ասած, բարդ իրականալի հանձնարարություն է, ոչ այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանը կարող է փորձել փրկել իր խնամուն նախագահի ցասումից, այլ այն պարզ տրիվիալ պատճառով, որ Ծառուկյանի բազմաթիվ բիզնեսներում մասնաբաժին  ունի Հովիկ Աբրահամյանը:

 


Հիմա վարչապետին հանձնարարել են ստուգումներ անցկացնել սեփական բիզնեսների մեծ մասում: Ճիշտն ասած, չենք պատկերացնում,  թե ինչպես է վարչապետը ստուգելու օրինակ իր և Ծառուկյանի համատեղ National հյուրանոցը: Այս դեպքում կախարդական փայտիկը հաստատ չէր խանգարի: Ծառուկյանի բիզնես գործընկերոջ հնարամտությունը կերևա մոտակա օրերին:

 


Հաջորդ հետաքրքիր նրբությունն այն է, որ ԲՀԿ-ՀՀԿ մեղրամսի տարիներին բազմաթիվ բացահայտ ու ծպտյալ ԲՀԿ-ականներ են աշխատանք ու մանր ու միջին պաշտոններ ստացել ՀՀ կառավարությունում: Այդ տեղավորումները հիմնականում իրականացվել է Ծառուկյանի Էդոյի և Հովիկ Աբրահամյանի Գոքորի համատեղ  գործունեության միջոցով: Էդոն կանաչ լույս է ունեցել կառավարությունում՝ նախարարությունների ԾԻԳ-երում ԲՀԿ-ականներին տեղավորելու համար:

 


Հիմա ի՞նչ կլինի այդ մարդկանց ճակատագրի հետ, դեռևս պարզ չի: Նշենք, որ  նրանց թիվը բավական մեծ է: Բոլորին հեռացնելու դեպքում կպարզվի, որ կառավարությունում աշխատատեղերի համամասնությունն ամենևին ՀՀԿ-ականների օգտին չի, իսկ չհեռացնելը հղի է պայթունավտանգ հետևանքներով:

 

Նույն շարքից