Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին: Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորել է Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:
Այնուհետև կողմերն անցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները կշարունակեն խորանալ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Երևանում մեկնարկելիք 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրել ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին:
Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի աշխատանքները` որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր՝ շեշտվելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: Կողմերը քննարկել են նաև այլ հարցեր, իսկ հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրել է Երևան, ինչը սիրով ընդունվել է վերջինիս կողմից: