Առողջապահություն 

Հայտնի չէ, թե Հայաստանում դաունի համախտանիշ ունեցող քանի երեխա կա

2014թ-ի ընթացքում hատուկ մասնագիտացած մանկատներ դաունի համախտանիշով 22 երեխա է ընդունվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նա նշեց, որ իրականում դաունի համախտանիշ ունեցող երեխաների խնամքը շատ չի տարբերվում ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքից, nրոնք անգամ կարողանում են հանրակրթական դպրոցներ հաճախել, եթե հիվանդությունը շատ խորը չէ:

«Մասնագիտացված մանկատները այսօր տեխնիկապես ապահովված են, խնամողների աշխատավարձը ընդհանուր տիպի մանկատների աշխատողների եռապատիկն է»,- ասաց նա։

Հարցին, թե այսօր ՀՀ մանկատներում որքան երեխա կա, որ դաունիզմի համախտանիշ ունի, պատասխանեց, որ չկա նման վիճակագրություն: «Մենք այդ երեխաներին չենք առանձնացնում ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներից և ընդհանուր առմամբ այսօր հաշվում են շուրջ 8000 հաշմանդամություն ունեցող երեխա»,- ասաց նա:

Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող «Հայկական ճամբար» ՀԿ-ի նախագահ Վարդուհի Արամյանը, ով ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի մայր է, բարձրացրեց այն խնդիրները, որոնց հետ բախվում են հատկապես խնդիրներով ծնված երեխաների մայրերը:

«Ծննդատները պետք է շահագրգիռ լինեն տվյալ հիվանդությունն ունեցող երեխայի մորը բավարար խորհրդատվություն տրամադրելու հարցում, սակայն իմ կարգավիճակում հայտնված մայրերը լավ գիտեն՝ ստացել են անհրաժեշտ աջակցություն, թե՝ ոչ: Մենք կարծրատիպեր պետք է կոտրենք մեր հասարակության մեջ, որ չպետք է մարդիկ մտածեն, որ մայրը պետք է հրաժարվի երեխայից: Ու՞ր են մեր սոցիալական աշխատողները, ինչո՞վ են նրանք զբաղված, ու՞ր են երեխաների իրավունքների պաշտպանները»,- ասաց նա:

Վարդուհի Արամյանը նաև նշեց, որ ինքն առիթ է ունեցել աշխատելու եվրոպական երկրների դաունիզմի համախտանիշ ունեցող երեխաների հետ և զարմացել նրանց զարգացվածության մակարդակի վրա: «Այսինքն՝ խնդիրն այստեղ նրանց հետ աշխատելն է, մեր հասարակությունը պետք է ընդունի ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց ու սիրի նրանց…»,- ասաց նա:

Նույն շարքից