Ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանի «Սանդվիչ կղզու մարդը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է փառատոնի հայկական համայնապատկեր ծրագրում:
Այսօր «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ֆրանսիահայ ռեժիսորը տեղեկացրեց, որ անհնար է ֆիլմերի մեջ որևէ հայկական էլեմետներ չմտցնել. հայրենիքից ինչքան էլ հեռու լինես, միևնույն է արմատներդ խոսում են քո մեջ:
Ֆիլմը պատմում է 12-ամյա Լիոնի մասին, ով միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում առաջադրանք է ստանում նկարագրել իր հոր ծննդավայրը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի տեսել հորը: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով Հարավային օվկիանոսի մի կորած-մոլորած ու անբնակ փոքրիկ կղզուց է, որը զվարճալի անուն ունի` Սանդվիչ: Որոշելով գտնել հորը` տղան երկար ու վտանգալի ճանապարհ է ձեռնարկում դեպի Սանդվիչ կղզի:
Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ Աննա Մուգլալիսը, ով եղել է Հայաստանում, Լոլա Լասրոնը, Ժերար Բոյաջյանը, Ջյուլիեն Կուրբեն, Վալերի Մագանան, Եսթեր Մանը, Լուսինե Մինասյանը, Լորեն Նոեն:
Ֆիլմը մրցանակների է արժանացնել տարբեր երկրներում. ժյուրիի հատուկ հիշատակում, Տարվա կարճամետրաժ ՄԿՓ, Իսպանիա, 2015, Հանդիսատեսի ընտրություն, 3-րդ տեղ, Ռիվերսայդի կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ, ԱՄՆ, 2015, Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ, Կաստիլյա լա Մանչայի ՄԿՓ, Իսպանիա, 2015: