Իրավական 

Ձերբակալվել է Նոր Արեշում սպանության համար կասկածվողը

Հուլիսի 6-ին՝ ժամը 13:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նույն օրը, ժամը 13:35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Վաղարշակ Ասոյանը Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ըստ մահացածի կնոջ հայտարարության` իրենց բակում հրազենով վնասել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13:00-ին, անհայտ անձը, անհայտ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 18 տանը և անհայտ հրազենով կրակոցներ արձակել նշված տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 9 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Աշոցքի բաժինների և Էրեբունու քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով «Բավրա» սահմանային անցակետից ժամը 18:05-ին Աշոցքի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի դիմաց գտնվող թիվ 5/8 ավտոտնակում կայանված «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք «AK 74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 5.45 տրամաչափի 20 փամփուշտով:

Գագիկ Ղ.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից