Իրանում արգելափակել են 5 մլն կայքի հասանելիությունը, հայտարարել է Իրանում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը, փոխանցում է rosbalt.ru-ն։
Նրա խոսքով՝ Իրանի նոր Իսլամական քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտել 2013-ին, բացակայում են դասալքության, կախարդության և հերետիկոսության մասին հոդվածները, սակայն դեռ նախատեսված է մահապատիժ անչափահասների համար, ինչպես նաև այնպիսի գործողությունների, որոնք առավել ծանր հանցագործությունների շարքից չեն, մասնավորապես՝ դավաճանությունը, քրոնիկ ալկոհոլիզմը, թմրանյութեր պահելը և վաճառելը։
Շահիդն ընդգծել է, որ Իրանում մահապատժի են դատապարտում նաև մտքի ազատ արտահայտման համար։ Բացի այդ, դատավորները շարունակում են մահապատժի ենթարկել անչափահաս իրավախախտներին։ Ըստ տեղեկությունների՝ միայն 2014թ. մահապատժի է ենթարկվել 8 մարդ, որոնց 18 տարին հանցագործության կատարման պահին դեռ չէր լրացել։
Շահիդը նշել է, որ Իրանում որոշ օրինագծեր ուղղված են կարծիք հայտնելու ազատության իրավունքի հետագա սահմանափակմանը, կանանց հանդեպ խտրականության էական ուժեղացմանը։ Իր զեկույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ ընտանիքներում բռնության են ենթարկվում իրանցի կանանց մոտ 60%-ը։
Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ երկրի բանտերում այժմ գտնվում է առնվազն 35 լրագրող։