Առողջապահություն 

Մամիկոն Խոջոյանը գտնվել է մշտական բժշկական վերահսկողության ներքո. առողջապահության նախարար

Ամիսներ առաջ Ադրբեջանում գերի ընկած և հայրենիք վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով մահացել է մայիսի 20-ին, մշտապես գտնվել է բժշկական վերահսկողության ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Վերջին 3 շաբաթվա ընթացքում 3 անգամ նրանց է այցելել բժշկական խումբ՝ երեք մասնագետներից կազմված՝ նյարդաբան, որը նաև հոգեբույժ էր, թերապևտ ու վիրաբույժ: Եղել են նաև բուժքրոջ ամենօրյա այցելություններ: Մենք առաջարկել ենք հիվանդանոց տեղափոխել, բայց հարազատները հրաժարվել են»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Հարցին, թե հարազատների պնդմամբ՝ Ադրբեջանում նրան այնպիսի նյութեր են ներարկել, որ կարճ ժամանակ հետո մահանա, հորդորեց սպասել մինչև իրավապահ մարմինները իրենց աշխատանքը կվերջացնեն և կհրապարակեն անհրաժեշտ նյութերը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր Հայաստանի պետական սահմանն ու անցել Ադրբեջանի տարածք: Մարտի 4-ին նրան վերադարձրել են հայրենիք՝ բազմաթիվ կոտրվածքներով, սալջարդերով և խոշտանգումների այլ հետքերով: Ադրբեջանցիները հոգեկան հիվանդ ծերունուն «դիվերսանտ» էին որակել:

Նույն շարքից