ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում «Էրգրի համի հիշողություն» հայկական ուտեստի փառատոնի շրջանակում կանցկացնի «Լավաշի և հայկական ուտեստի փառատոն»: Փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ընդգրկելով մարզի ընտանիքներին, կրթական և հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրվել են մարզի համայնքներում ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակներ՝ հատկապես հացամթերքով և բուսական բաղադրությամբ ճաշատեսակներ, ընտրվել են դրանց պատրաստման գաղտնիքներին տիրապետող կանայք, ովքեր և իրենց գործուն մասնակցությունը կբերեն փառատոնին:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականը Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի` փառատոնի մասնակիցները ներկա կգտնվեն համայնքի հարգարժան ընտանիքներից մեկի ոսկե հարսանիքին, ականատես կլինեն լավաշի և այլ հացամթերքների պատրաստմանը, որոնք կհամտեսվեն գյուղական ընտանիքի հացատանը՝ թոնրի շրթին:
Մասնակից համայնքները, դպրոցներն ու հասարակական կազմակերպություններն իրենց հյուրընկալ սեղանները կբացեն՝ ներկայացնելով ազգային, ավանդական ճաշատեսակներ, աղանդերներ և քաղցրավենիքներ: