Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցված ճարպեր, որոնց թվում` նաև մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հատկապես շատ են ընկույզի մեջ։ Ընկուզեղենի ճարպերը ջերմացնում են մեր օրգանիզմը ցուրտ եղանակին, քանի որ խթանում են ճարպերի փոխանակման գործընթացը։ Ընկուզեղենը պարունակում է բուսական սպիտակուց, որը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։ Հարուստ է ամինաթթու արգինինով, որը խթանում է ազոտի օքսիդի (NO) գոյացումն օրգանիզմում։ Արգինինը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, ամրացնում է դրանց պատերը, նվազեցնում է երակների պատերի բորբոքման և թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Ընկուզեղենի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն նվազեցնում է ցածր և գերցածր խտություն ունեցող ճարպային սպիտակուցների բաղադրությունը, որոնք վատ խոլեստերինի կրողներն են օրգանիզմում։
Ընկուզեղենում շատ է բջջանքը, որը խթանում է աղիների գործունեությունը և նպաստում է վնասակար նյութերի հեռացմանն օրգանիզմից։ Ապացուցված է, որ բջջանքով և սպիտակուցով հարուստ սննդակարգը նպաստում է մարդու մարմնի զանգվածի նվազեցմանը գիրության դեպքում։
Կարևոր է իմանալ, որ ընկուզեղենը չի կարող փոխարինել մսեղենին, քանի որ չի պարունակում օրգանիզմին անհրաժեշտ մի շարք ամինաթթուներ։ Ընկուզեղենի չարաշահումը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Ցանկացած տեսակի ընկուզեղեն նպաստում է ոսկորների ամրացմանը, ինչի շնորհիվ կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը, նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին, հանգստացնում է նյարդերը, պաշտպանում է սուր և քրոնիկ սթրեսից, անքնությունից։ Ընկուզեղենը հարուստ է ոչ միայն կալցիումով, ֆոսֆորով, կալիումով և մագնիումով, այլև պարունակում է պղինձ, երկաթ և այլ միկրո և մակրոտարրեր։ Հարուստ է E վիտամինով, ինչի շնորհիվ զգալիորեն խթանում է կանանց ինտիմ զգացումը և տղամարդկանց առնականությունը։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընկուզեղենի բոլոր տեսակներն ունեն որոշ ընդհանրություն, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ նյութեր և հատկություններ, որոնցից հատկապես կարևորվում են հակաուռուցքային և ծերացումը կանխարգելող ազդեցությունները։