Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ ոչ Սերբիան, ոչ Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել՝ Հարավսլավիայի կազմից դուրս գալու պատճառով սկսված խորվաթական պատերազմի ընթացքում, հաղորդում է BBC-ն:
Խորվաթիայի կառավարությունը պնդում է, որ Սերբիան 1991 թվականին ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և այլ վայրերում: Սերբիան ավելի ուշ հակընդդեմ հայց է ներկայացրել Խորվաթիայից 200 000-ից ավելի սերբերի վտարման վերաբերյալ: Մոտ 20 000 մարդ է մահացել 1991-1995 թվականի պատերազմի ժամանակ, երբ Խորվաթիան անջատվեց Հարավսլավիայից:
Խորվաթական Վուկովար քաղաքը ավերվել է, երբ սերբերը գրավել են այն 1991 թվականին: Տասնյակ հազարավոր խորվաթներ տեղահանվել են, մոտ 260 խորվաթ ձերբակալվել է ու սպանվել:
Դատավոր Պետեր Տոմկան մերժել է և խորվաթական հայցը, և Սերբիայի հակընդդեմ հայցը:
«Երկու կողմերի ուժերը բռնի գործողություններ են իրականացրել պատերազմի ժամանակ,-ասել է դատավոր Տոմկան,- սակայն ոչ մի կողմ բավականաչափ փաստեր չի ներկայացրել, որոնք կապացուցեին «ցեղասպանության ակտերի համար պահանջվող հատուկ մտադրությունը»: