Միջազգային 

Ո՛չ Սերբիան, ո՛չ Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ ոչ Սերբիան, ոչ Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել՝ Հարավսլավիայի կազմից դուրս գալու պատճառով սկսված խորվաթական պատերազմի ընթացքում, հաղորդում է BBC-ն:

 

Խորվաթիայի կառավարությունը պնդում է, որ Սերբիան 1991 թվականին ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և այլ վայրերում: Սերբիան ավելի ուշ հակընդդեմ հայց է ներկայացրել Խորվաթիայից 200 000-ից ավելի սերբերի վտարման վերաբերյալ: Մոտ 20 000 մարդ է մահացել 1991-1995 թվականի պատերազմի ժամանակ, երբ Խորվաթիան անջատվեց Հարավսլավիայից:

 

Խորվաթական Վուկովար քաղաքը ավերվել է, երբ սերբերը գրավել են այն 1991 թվականին: Տասնյակ հազարավոր խորվաթներ տեղահանվել են, մոտ 260 խորվաթ ձերբակալվել է ու սպանվել:

Դատավոր Պետեր Տոմկան մերժել է և խորվաթական հայցը, և Սերբիայի հակընդդեմ հայցը:

 

«Երկու կողմերի ուժերը բռնի գործողություններ են իրականացրել պատերազմի ժամանակ,-ասել է դատավոր Տոմկան,- սակայն ոչ մի կողմ բավականաչափ փաստեր չի ներկայացրել, որոնք կապացուցեին «ցեղասպանության ակտերի համար պահանջվող հատուկ մտադրությունը»:

Նույն շարքից