Մշակույթ 

Չեղյալ է հայտարարվել Մակարևիչի խմբի համերգը Բաքվում

Բաքուն չեղյալ է համարել ռուս հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարևիչի «Оркестр Креольского Танго» խմբի համերգը՝ որպես պատճառ բերելով այն, որ համերգը կարող է «ուկրաինամետ ելույթներ» առաջացնել: Այդ մասին հայտնել է երաժիշտը Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ չի ընդունում այդ կապակցությամբ ներողությունները:

 

«Մարազմ իրավիճակ: Բաքու քաղաքը չեղյալ է հայտարարել «Оркестр Креольского Танго» խմբի համերգը՝ այն պատրվակով, որ համերգը կարող է «ուկրաինամետ ելույթներ» առաջացնել: Մեր համերգները դեռևս չեն առաջացրել ոչ մի «ուկրաինամետ ելույթ» ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ Ամերիկայում: Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, ինքներդ ներողություն խնդրեք ձեր հանդիսատեսի առաջ, ով տոմս է գնել, և փորձեք այդ ընթացքում չստել: Ես ձեր ներողությունները չեմ ընդունում»,- գրել է Մակարևիչը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Սամարայում, Սարատովում, Կազանում, Կրասնոյարսկում, Տոմսկում չեղյալ են հայտարարվել երաժշտի համերգները: Մակարևիչի համերգները սկսել են չեղյալ հայտարարել Ուկրաինայի արևելյան Սվյատոգորսկ քաղաքում փախստականների առաջ նրա ունեցած համերգից հետո: Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն առաջարկել է երաժշտին զրկել բոլոր պետական պարգևներից՝ նշելով, որ Մակարևիչն աջակցում է նոր ուկրաինական իշխանություններին:

 

Ավելի վաղ Մակարևիչի համերգը Բաքվում ևս մեկ անգամ չեղյալ էր հայտարարվել: Այն պետք է տեղի ունենար «Հեյդար Ալիևի պալատում» հոկտեմբերի 31-ին, սակայն այնտեղ նախատեսվող մի քանի պաշտոնական միջոցառումների պատճառով համերգը չեղյալ էր հայտարարվել: Ինչպես դեռ սեպտեմբերին գրում էր haqqin.az-ը, չի բացառվում, որ Բաքվի իշխանությունների որոշումը համաձայնեցված լինի ռուսական իշխանությունների հետ: Ավելի ուշ, սակայն, համերգի վայրի փոփոխությունից հետո հաղորդվել էր, որ համերգը վերջիվերջո կկայանա:

Նույն շարքից