Տնտեսություն 

Պատժամիջոցների արդյունքում դատարկվել են վաճառասեղանները

Մթերային էմբարգո հայտարարելուց հետո ռուսական Վլադիվոստոկում  դատարկվել են խանութների վաճառասեղանները: Պրիմորիեյի մայրաքաղաքի որոշ բնակիչներ արկղերով պահածոներ են գնել, դատարկվել են նաեւ արգելված երշիկների, պանրի եւ այլ մթերքների վաճառասեղանները:  Վաճառողները սպասում են, որ տեղական արտադրողները, չնայած իշխանությունների հավաստիացումներին, առաջիկայում կբարձրացնեն գները, հայտնում է PrimaMedia-ն:


Առաջին հերթին անհետանում են հալած եւ պինդ պանիրները, ինչպես նաեւ երշիկները: Ըստ Վլադիվոստոկի խոշոր առեւտրի ցանցերից մեկի վաճառողի` արեւմտյան պանրի պաշարները կբավականացնեն հազիվ երկու ամիս:


Առեւտրային ցանցերի ներկայացուցիչները նշում են, որ շուտով խանութների  վաճառասեղաններին կմնան միայն ռուսական եւ բելառուսական  պանիրները: Վաճառողները մտավախություն ունեն, որ պանրի գինը կթանկանա:


Նշենք, որ օգոստոսի 7-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից Ռուսաստան ներկրվող ապրանքների վրա կիրառվող սահմանափակումները: ՌԴ կառավարությունը ամբողջական արգելք է սահմանել այդ երկրներից մսամթերքի, խոզի մսի, թռչնամսի, ձկների, պանիրների, կաթի եւ բանջարեղենի մատակարարումների վրա:

Նույն շարքից