Մթերային էմբարգո հայտարարելուց հետո ռուսական Վլադիվոստոկում դատարկվել են խանութների վաճառասեղանները: Պրիմորիեյի մայրաքաղաքի որոշ բնակիչներ արկղերով պահածոներ են գնել, դատարկվել են նաեւ արգելված երշիկների, պանրի եւ այլ մթերքների վաճառասեղանները: Վաճառողները սպասում են, որ տեղական արտադրողները, չնայած իշխանությունների հավաստիացումներին, առաջիկայում կբարձրացնեն գները, հայտնում է PrimaMedia-ն:
Առաջին հերթին անհետանում են հալած եւ պինդ պանիրները, ինչպես նաեւ երշիկները: Ըստ Վլադիվոստոկի խոշոր առեւտրի ցանցերից մեկի վաճառողի` արեւմտյան պանրի պաշարները կբավականացնեն հազիվ երկու ամիս:
Առեւտրային ցանցերի ներկայացուցիչները նշում են, որ շուտով խանութների վաճառասեղաններին կմնան միայն ռուսական եւ բելառուսական պանիրները: Վաճառողները մտավախություն ունեն, որ պանրի գինը կթանկանա:
Նշենք, որ օգոստոսի 7-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից Ռուսաստան ներկրվող ապրանքների վրա կիրառվող սահմանափակումները: ՌԴ կառավարությունը ամբողջական արգելք է սահմանել այդ երկրներից մսամթերքի, խոզի մսի, թռչնամսի, ձկների, պանիրների, կաթի եւ բանջարեղենի մատակարարումների վրա: