ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մասնակցեց Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառմանը: ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից 2012թ. հունվարի 19-ից ՀՀ բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելու նպատակով իրականացվում է համատեղ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագիրը (այսուհետև` ՇԲԾ ծրագիր), որի նպատակն է Հայաստանում շտապ բուժօգնության ծառայությունների բարելավումը` հանրային իրազեկվածության բարձրացման, ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների ու կարողությունների հզորացման և շտապ բուժօգնության ծառայության մշտադիտարկման միջոցով: Ծրագրի շրջանակում շտապօգնության ծառայության բոլոր բրիգադներին տրամադրվեցին պլանշետներ, որոնց միջոցով մինչև կանչի վայր հասնելը, բժիշկը հնարավորություն կունենա ծանոթանալու հիվանդի պատմությանը:
Ողջունելով մասնակիցներին` Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ իրականացվում են են էլեկտրոնային առողջապահության ներդրման առաջին քայլերը, և որ բարեփոխման այս նոր փուլը կյանքի է կոչվում է մեր բնակչությանը բժշկական առաջին օգնությունը ցուցաբերող Շտապօգնության ծառայությունում։
«Շատ կարևոր է, որ, դրա արդյունքում շահելու է ամբողջ հանրապետության բնակչությունը: Այս ծառայության արդյունավետությունն ու տրամադրվող բուժօգնության որակը բարելավելու կարևորագույն պայմանը համակարգի շարունակական կատարելագործումն է, նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը շտապօգնության ոլորտում շարունակական բարեփոխումներ իրականացնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարությանը ցուցաբերած իր գործուն աջակցության համար: «Շտապօգնության կայանները համալրվել են նաև հակարագչային տեխնիկայով, որի միջոցով էլեկտրոնային կանչը պլանշետի միջոցով անմիջապես կփոխանցվի բրիգադի բժշկին` ապահովելով կանչի ավելի արագ փոխանցումը»,-ասաց նախարարը` հավելելով, որ առողջապահության նախարարությունը մշտապես հետամուտ է լինելու առողջապահության, և մասնավորապես `շտապօգնության ոլորտի հետրողական զարգացմանը` ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանմանը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն կտա ավելի օպերատիվ դարձնել շտապօգնության ծառայությունը, միօրինականացնել Շտապ բժշկական ծառայությունում հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ծառայության կառավարման և ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ որոշումներ կայացնելու նպատակով:
Շտապօգնության տեղեկատվական - վերլուծական համակարգը իրականացնում է շտապ օգնության կանչերի էլեկտրոնային դիսպետչերիզացիայի` կանչի ավտոմատացված գրանցում, փոխանցում և ավարտված կանչի արդյունքների ներմուծում գործառույթները՝ հնարավորություն տալով միօրինականացնել ՇԲԾ վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը, ունենալ միասնական տվյալների բազա, ինչպես նաև ներդնել մշտադիտարկման մեխանիզմ ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկի արարողության ընթացքում ցուցադրվեց նաև համակարգի նպատակների և գործառույթների մասին պատմող ֆիլմ-թողարկում: