Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային արվարձաններում տեղակայված գրոհայինները առաջիկա օրերին վայր կդնեն զենքն ու կդադարեցնեն դիմադրությունը:
Այդ մասին հայտնել է Հոմսի քաղաքապետ Թելալ ալ-Բարազին, նշելով, որ բացատրական երկարատեւ աշխատանքից ու բանակցություններից հետո, քաղաքի հյուսիսում ամրացած գրոհայինները ցանկություն են հայտնել վայր դնել զենքն ու դադարեցնել դիմադրությունը:
Նրանցից մի մասն արդեն համալրել է կառավարական ուժերի շարքերն ու պայքար ծավալել ԻՊ գրոհայինների դեմ:
Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմսը գրեթե մեկ տարի գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Բացառություն է կազմում պրովինցիայի հյուսիսը, որտեղ ընդդիմադիր գրոհայինները կենտրոնացրել են 5 հազարանոց բանակ:
Հոմսը գտնվելով ավտոխճուղիների հատման ճանապարհին, կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ունի:
Պրովինցիայի բնակչությունը բավականին խայտաբղետ է. Այստեղ ապրում են սունի ու շիա մահմեդականներ, ալավիթներ, քրիստոնյաներ, այդ թվում ՝ հայեր: