Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների իր գործընկերների համար յուրօրինակ էքսկուրսիա է կազմակերպել ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Հյուրերի թվում է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես հաղորդում է ռուսական TVzvezda.ru-ն, հյուրերին և ՀԱՊԿ անդամներին ներկայացվել են տարբեր գերատեսչություններից ստացվող տեղեկատվության մշակման ժամանակակից համակարգերը, «Ռոսատոմ»-ը, Գլխավոր շտաբի հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոնը:
Վերոթվարկյալ նորագույն սարքավորումները ի վիճակի են մշակել տեղեկությունները կրկնակի ավելի արագ, քան ԱՄՆ զինված ուժերի «ուղեղային կենտրոնը»: Իսկ պահպանվող տեղեկատվության ծավալը Պենտագոնի հիշողության ծավալը գերազանցում է 19 անգամ:
Երեկոյան կսկսվի նիստ, որտեղ կողմերը կամփոփեն 2014 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կսահմանեն կազմակերպության խնդիրներն առաջիկա տարում: