Առողջապահություն 

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացավ ևս մեկ բժշկական կենտրոն

Վիճակագրական տվյալներով` մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ` արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։ Կյանք փրկող «Stent for life»  ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում:  Սրտային վիրաբուժության զարգացումը, հատկապես մարզերում, գերակա ուղղություն է: Ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։ Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։ Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման: Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու միտում է նկատվում։
Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը  դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: ՀՀ առողջապահության նախարարի հուլիսին մարզային այցի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն:
Արդեն օգոստոսի սկզբին Գյումրու բժշկական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել` մոտավորապես 300 հազար դրամի չափով:
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր  միանում է նաև  «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
«Սրտային վիրաբուժության մատչելիության ապահովման խնդիրը ստանում է այն լուծումը, որին գնում էինք վերջին մեկ տարվա ընթացքում», -ընդգծեց նախարարը: Նա նշեց, որ որակական ցուցանիշներով սրտային վիրաբուժությունը և մասնավորապես` ինվազիվ վիրաբուժությունը  զարգացած է մեր երկրում: Վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում մատուցվում է
11  բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է  ունեցել նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ,  և քննարկվել է նաև այնտեղ սրտի ստենտավորման գների  իջեցման հարցը:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշեցին, որ կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում են կարողացել իջեցրել սրտի ստենտավորման գները: Տնօրենների խոսքով`  կատարված  գնային փոփոխությունները կնպաստեն հիվանդների թվի աճին, միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:  Ընդհանուր առմամբ` սրտի ստենտի գները երկու բժշկական հաստատությունում էլ զգալի նվազել են: Բժշկական հաստատությունների ղեկավարները  պատասխանեցին լրագրողների հարցերին, ներկայացրին այլ մանրամասներ:
ՀՀ առողջապահության նախարարության  համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։  Նշվեց, որ ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը և կհետևեն արդեն իսկ  մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող իրենց գործընկերների օրինակին:

Նույն շարքից