Իրավական 

Վարդան Պետրոսյանը պատրաստ է 2 մլն դրամ վճարել տուժողներին

Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով տուժողներին վճարել նրանց պահանջված գումարը, սակայն պայմանով, որ վթարի գործով տուժողների կողմից իրեն երբեք որևէ այլ պահանջ չներկայացվի:
 
Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Ստեփանյանն առաջարկեց, որ Վարդան Պետրոսյանը 2 մլն դրամ վճարի տուժողներին՝ նրանց պահանջած 2 մլն. 550.000 դրամի փոխարեն: Հայցվորների փաստաբանները ողջամիտ համարեցին դատավորի առաջարկը:
 
Լրագրողներին փոխանցելով դատավորի առաջարկի վերաբերյալ Վարդան Պետրոսյանի դիրքորոշումը, վերջինիս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել, որպեսզի դատավարությունն ընդմիշտ վերջանա, այլևս վթարին վերաբերող և ոչ մի պատրվակով Վարդան Պետրոսյանին որևէ պահանջ չներկայացվի:

Նույն շարքից