Մշակույթ 

Լիոնում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Մարտի 10-ին Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով Լիոնում «Հիշատակ և արդարություն» խորագրով մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և Դեսինի Հայ հուշագրության ազգային կենտրոնը:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի` պատմական ժառանգության, հիշողության և նախկին ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Ժան-Դոմինիկ Դյուրանը, «Բուլուկյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Հայ հուշագրության ազգային կենտրոնի նախագահ Ժուլ Մարտիրոսյանը:

Ցեղասպանությունը վերապրած իր հոր պատմությամբ ոգեշնչված լիոնահայ լուսանկարչի աշխատանքները պատկերում են Հալեպը՝ միաժամանակ ներկայացնելով տարբեր փիլիսոփաների և պատմաբանների մտքեր:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը «Բուլուկյան» հիմնադրամի սրահում: 

Նույն շարքից