ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում նոյեմբերի 21-ին Համաշխարհային բանկի ներակայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զարգացման քաղաքականության գործառնության» (ԶՔԳ) ծրագրի երրորդ փուլից բխող` քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Քննարկման հիմնական առարկան համակարգն ավելի կայուն, մրցունակ և գրավիչ դարձնելու, քաղաքացիական ծառայողների մոտիվացիան բարձրացնելու միջոցով նրանց աշխատանքի արտադրողականությունը խթանելու ավելի ճկուն և կատարելագործված մեխանիզմներ մշակելու խնդիրներն են եղել:ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը հանդիպման ընթացքում շեշտել է քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը, քանի որ դրա վրա պետք է խարսխվի քաղաքացիական ծառայողներին իբրև խրախուսանք տրվող պարգևավճարների ինստիտիտուտը: Այս իմաստով ՀՀ ՔԾԽ նախագահը նշանակալի է համարել «Զարգացման քաղաքականության գործառնության» ծրագրի երրորդ փուլի իրականացման համար սահմանված առաջնահերթությունները և թիրախները` արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայության համակարգ կայացնելու ճանապարհին:
ՀԲ-ի պատվիրակության ղեկավար, տնտեսագետ Դոնատո դե Ռոսան առանցքային է համարել քաղաքացիական ծառայողների ֆինանսական խրախուսման համար կատարողականի գնահատումից բխող հստակ չափորոշիչների սահմանումը: Կողմերը պայմանավորվել են ՀՀ Կառավարության հետ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքները` դրան ուղղված հնարավորինս ճկուն և արդյունավետ մեխանիզմներ գտնելու ուղղությամբ: